ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանը Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին ներկայացրել է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրի և նախաստորագրված համաձայնագրի մանրամասները

Ալեն Սիմոնյանը Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին ներկայացրել է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրի և նախաստորագրված համաձայնագրի մանրամասները

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի (Ժոգորկու Քենեշ) նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ:
 
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները նախ ունեցել են առանձնազրույց, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է լինել բարեկամ երկրում: Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ:
 
Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այս համատեքստում Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն նշել է, որ Ղրղզստանը ողջունում է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրը և նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝ հավելելով, որ դրանք մեծ ազդեցություն կունենան տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին՝ կարևորելով նաև անհետ կորած զինծառայողների հարցը:
 
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ շրջել է նաև Ղրղզստանի խորհրդարանի շենքում և ծանոթացել այնտեղ գործարկված նորարարական տարբեր լուծումներին:

  • Կիսվել: