կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ալեն Սիմոնյանը խնդրեց Շվեդիայի Ռիկսդագի խոսնակին նպաստել Ադրբեջանում պահվող անձանց օր առաջ Հայաստան վերադարձնելուն

Ալեն Սիմոնյանը խնդրեց Շվեդիայի Ռիկսդագի խոսնակին նպաստել Ադրբեջանում պահվող անձանց օր առաջ Հայաստան վերադարձնելուն

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ Շվեդիան Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:

Երկուստեք արձանագրվեց, որ վերջին տարիներին միջխորհրդարանական փոխգործակցությունը որակապես նոր փուլում է, ակտիվացել են փոխայցերը: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ նոր գումարման Ազգային ժողովն իր գլխավորությամբ կշարունակի կյանքի կոչել համագործակցության խորացմանը միտված բոլոր պայմանավորվածությունները: Օրենսդիր մարմինների համագործակցության համատեքստում ընդգծվեց բարեկամական խմբերի դերակատարությունը:

Անդրադառնալով միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությանը` Ալեն Սիմոնյանն ընդգծեց շվեդ խորհրդարանականների կողմից դրական եւ խաղաղությանը նպաստող դիրքորոշումների որդեգրումը Հայաստանի համար զգայուն հարցերում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը փաստեց, որ Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարեւորում է նաեւ երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջեւ աշխատանքային կապերը:

Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Շվեդիայի օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ-ի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի համար:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում Շվեդիայի հետ փոխգործակցությանը` Ալեն Սիմոնյանը կարեւորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը` նշելով, որ այդ հարցում մեր երկիրն ակնկալում է Շվեդիայի աջակցությունը:

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակը ջերմությամբ հիշեց իր այցը Հայաստան: Նա կարեւորեց այն փաստը, որ պատերազմից հետո Հայաստանը չի նահանջել ժողովրդավարական ուղուց: Անդրադառնալով հայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրություններին` Անդրեաս Նորլենը շնորհավորեց ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարին արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար:

Անդրեաս Նորլենը պատրաստակամություն հայտնեց ներդնելու բոլոր ջանքերը Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման գործում ոչ միայն երկկողմ, այլեւ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին` փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների եւ համաձայնեցված հայտնի սկզբունքների հիման վրա: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց նաեւ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերով տարվող աշխատանքների մասին տեղեկատվություն եւ խնդրեց գործընկերոջը նպաստել պահվող անձանց օր առաջ Հայաստան վերադարձնելուն։

  • Կիսվել: