շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական Ծոցի երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, ուշադրության կենտրոնում պահում տարածաշրջանի քաղաքական և տնտեսական գործընթացները:

Ալեն Սիմոնյանը փաստել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առանձնակի նշանակություն են տալիս մեր բարեկամությանը, ինչպես նաև բազմոլորտ համագործակցության խորացմանը: Նա կարևորել է ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ բարձր գնահատելով իրենց երկրի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում:

Նա գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրների միջև ակտիվ է քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում: Բազմակողմ հարթակներում համագործակցությունը կրում է համակարգված բնույթ: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որն առկա է քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական, վերականգնվող էներգետիկայի, ավիացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական, կրթության և այլ ոլորտներում:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցության դերը՝ առանձնակի ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը, որը շոշափելի ներդրում ունի միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործընթացում: ԱՄԷ խորհրդարանի խոսնակը, գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, շեշտել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄԷ-Հայաստան քաղաքական և տնտեսական կապերը զարգանում են բավական ակտիվ:

Այս տարվա հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկելու է «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ը, որին մասնակցելու է նաև Հայաստանը: Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին հրավիրել է իր հայ գործընկերոջը պաշտոնական այց կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ: 

  • Կիսվել: