ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցին

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցին

Դա ըստ ցանկության չի արվում, դա օրենքի պահանջն է՝ երբ լրանում է ժամկետը, եւ բացակաների քանակն անցնում է թույլատրելիի չափը, պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը հայտնվում է խորհրդի նիստի օրակարգում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով այն, որ ԱԺ-ն քննարկում է ՍԴ դիմելու հարցը՝ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավորներին մանդատից զրկելու հարցով:

՛՛Կարծում եմ՝ մենք մեր խմբակցության գործընկերների հետ կքննարկենք, որոշում կկայացնենք: Հիմա ճիշտ չէ, որ ես նախապես բան ասեմ: Խմբակցության հետ կքննարկենք, կարող է կոնկրետ պատգամավորների վերաբերյալ լինի այդպիսի որոշում, կարող է ընդհանրապես չլինի՝ հաշվի առնելով, որ իրենք վերադարձել են եւ շարունակում են աշխատել՛՛,-ասաց ԱԺ նախագահը:

Հարցին, թե ընդդիմության ձեռքից մանդատները հետ վերցնելու քաղաքական նպտակադրում չկա՞, նա պատասխանեց. ՛՛Որ վերցրեցինք, էլի այդ ընդդիմության հաջորդ համարը չի՞ գալու նստի. մեզ համար ի՞նչ տարբերություն՛՛:

Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի՝ հունվարի 13–ի նիստի օրակարգ է մտել ՛՛Հայաստան՛՛ խմբակցության 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագիծը։ Խոսքը Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Անդրանիկ Թևանայանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Զեմֆիրա Միրզոևայի մասին է։

 

  • Կիսվել: