երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանին ասում եմ՝ Արցախի իշխանության մահվան լուրը չափազանցված է. Գագիկ Բաղունց

Ալեն Սիմոնյանին ասում եմ՝ Արցախի իշխանության մահվան լուրը չափազանցված է. Գագիկ Բաղունց

Մոտ երկու շաբաթ առաջ Ալեն Սիմոնյանի նման հայտարարությանը ես արդեն արձագանքել եմ, ասելով, որ Արցախի իշխանությունների եւ ԱԺ-ի մահվան լուրերը չափազանցված են: Այս մասին, այսօր COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե իրենք չեն ճանաչում Արցախի իշխանություններին:

«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է վերանայեն իրենց մոտեցումները, թե Արցախի իշխանությունների նկատմամբ, թե ընդհանրապես Արցախահայության արդարացի պահանջների վերաբերյալ, թե իրենց ակտիվ մասնակցությունը պետք է ունենան արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի մասով:

Ես հասկանում եմ, որ տարածաշրջանում այսօրվա իրավիճակը թույլ չի տալիս Հայաստանը ունենա նվաճումներ այդ ուղղությամբ, բայց ՀՀ իշխանությունները գոնե պետք է իրենց դրսեւորեն հայամետ դիրքերից և հստակեցնեն իրենց մոտեցումը արցախահայության իրավունքների  վերաբերյալ»,- ընդգծեց Բաղունցը:

  • Կիսվել: