հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԽ քարտուղարն առաջարկեց ընդդիմությանը վերահսկել գործադիրի աշխատանքը՝ ունեցած կարողությունները և սեփական մեդիաներով

ԱԽ քարտուղարն առաջարկեց ընդդիմությանը վերահսկել գործադիրի աշխատանքը՝ ունեցած կարողությունները և սեփական մեդիաներով

«Այս երկու փոխկապակցված հարցերը քննարկելուց կարևոր մտավախություններից մեկը այն էր, որ մենք ձևավորում ենք ավելի ուժեղ գործադիր իշխանություն և  հիմնական քննադատությունները մեր հանդեպ այն էր, որ  գործադիր իշխանությանը լայն լիազորություններ ենք տալիս, որը մտահոգություններ էր առաջացնում։ Այստեղ գալիս է  ժողովրդավարության հիմնական փիլիսոփայական հարցերից մեկը, թե ինչքա՞ն մեծ լիազորություն պետք է  ունենա գործադիր իշխանությունը և որոնք են այդ լիազորությունները չչարաշահելու հիմնական աղբյուրները»,- Արտաքին հետախուզության գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության  մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկմանն այս մասին նշեց հիմնական զեկուցող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Արտաքին հետախուզական ծառայությունը գործելու է վարչապետի  ենթակայության ներքո։

«Ամենակարևոր և սկզբունքային ինստիտուտը, որ սահմանափակում է այս չարաշահումը՝  ազատ և արդար ընտրություններն են։Կան մի շարք այլ գործիքներ, որոնք կարելի է օգտագործել և այստեղ շատ կարևոր դերակատարում ունի ընդդիմությունը։ Այս կառույցները լինելու են վարչապետին ենթակա մարմին և ընդդիմությունը՝ որպես  խորհրդարանական երկրում կարևոր ֆունկցիոնալություն ունեցող ինստիտուտ,  կարող է վերահսկողություն ունենալ և օգտագործել իր կարողությունները։ Ուզում ենք չթերագնահատել ընդդիմության դերը, ասել, որ ընդդիմությունը հիմնարար դեր ունի և ԱԺ գալով, հարցեր բարձրացնելով  կարող է իր ներդրումը ունենալ»,- նշեց Գրիգորյանը։ Ըստ նրա՝ կարևոր դեր ունեն նաև մնացած այլ ինստիտուտները, որոնք և վերահսկողության և այլ գործառույթներ ունեն գործադիրի նկատմամբ։

«Կա նաև մեդիայի դերը, բազմաթիվ լրատվամիջոցներ հենց ընդդիմության վերահսկողության տակ են  կամ անմիջապես ղեկավարման տակ են և ընդդիմությունն ունի կարողություններ մեդիան օգտագործելով՝ ոչ այն ձևով որ հիմա օգտագործում է,  հիմնարար հետաքննություններ իրականացնել, ինֆորմացիան օբյեկտիվ վերլուծել և ներկայացնել հանրությանը»,- ասաց ԱԽ քարտուղարը և ընդգծեց, որ ժողովրդավարությունը մեկանգամյա գործընթաց չէ, դա շարունակական  գործընթաց է ։

«Առաջարկում եմ կողմ քվեարկել  և ես մեկ անգամ ուզում եմ ասել, որ անվտանգության կայացման համար այս ինստիտուտը  կարևոր դեր է կատարելու , որևէ նշանակություն չունի քաղաքական գործիչն այս պահին իշխանության մեջ է, թե ընդդիմության մեջ, երկարաժամկետ կտրվածքով այս ինստիտուտը ծառայելու է ՀՀ-ին և եթե որևէ քաղաքական գործիչ, իրեն երկարաժամկետ պատկերացնում է իշխանության մեջ, ապա շատ մեծ կարևորություն պետք է տա  այս ինստիտուտի կայացմանը»,-ասաց Գրիգորյանը։

  • Կիսվել: