շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ականատես ենք Լինչի դատաստանի. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Ականատես ենք Լինչի դատաստանի. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Մանվել Գրիգորյանի պաշտպանները բացասական են գնահատում նրա գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից առանձնացնելը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Դատարանը նպատակ է հետապնդում ամեն ինչով ցուցանիշ ապահովել եւ արդարադատություն իրականացնել, դա չի լինելու, նոր Հայաստանում դա տեղ չի ունենալու» ։

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր, եւ նրան նորից հիվանդանոց էին տեղափոխել:

«Ականատես եղանք հերթական դաժան վերաբերմունքի, երբ հիվանդ անձին մի կերպ բերեցին դատական նիստի, նրա վիճակը կտրուկ վատացավ, եւ ստիպված նրան հետ տարան հիվանդանոց։ Սա դիտարկում եմ ոչ միայն որպես դաժան վերաբերմունք, այլեւ ականատես ենք Լինչի դատաստանի։ Դատարանի մերժման մեջ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ տեսնում ենք միտում։ Գրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ։ Դատարանը փորձում է դատական նիստերով իրականացնել արդարադատություն եւ անօրինականություններն էլ օրինականացնել, ստորացնել անձին, անկողնուն հիվանդ վիճակից հանել բերել դատական նիստին, ներկա դնել եւ արձանագրել՝ առողջությունը վատացավ։ Դա ուղղակի անթույլատրելի է»,-ասաց Բաղդասարյանը

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։

  • Կիսվել: