հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ահռելի մեծ պլաններ ունենք, և դրանց մի մասը կարող են թերակատարվել, դա նորմալ է. Արշակյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորին

Ահռելի մեծ պլաններ ունենք, և դրանց մի մասը կարող են թերակատարվել, դա նորմալ է. Արշակյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորին

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ կառավարությունն ահռելի մեծ պլաններ ունի և արդեն իսկ մեծ ծրագրեր է իրականացրել՝ մատնանշելով ճանապարհաշինության ոլորտում արձանագրված ցուցանիշները. Նրա խոսքով՝ այդ շատ ծրագրերի, պլանների մեջ կարող են լինել նաև թերակատարումներ, ինչը նորմալ է: 

Արշակյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին՝ վարկային համաձայնագիր վավերացնելու նախագծի քննարկման շրջանակում:

Խաչատրյանն իր ելույթում քննադատեց կառավարությանը՝ կարծիք հայտնելով, որ վարկով վերցված գումարներով ներդրում չի արվել այն բնագավառներում, որտեղ պետք է ներդրում արվեր, օրինակ՝ կապիտալ ծախսերը թերակատարվում են: Ըստ նրա՝ կառավարությունը չի կարող դա իրացնել, սխալ է գնահատել պոտենցիալը: Պատգամավորի կարծիքով, դա չկատարելով, կառավարությունը խափանել է տնտեսության աճը, իսկ առկա աճը, նրա գնահատմամբ, կառավարության կամքից անկախ է գրանցվել, Հայաստան եկած ռուսների շնորհիվ է եղել: «Կառավարությունը, որը միշտ քննադատել է վարկային բեռի ավելացումը, աննախադեպ մակարդակի է հասցրել այդ վարկը: Եվ այդ պարտքերը թիրախային զարգացմանը միտված չեն, թիրախային ծրագրեր չկան»,-ասաց պատգամավորը:

Հակոբ Արշակյանը արտահերթ ելույթով պատասխանեց ընդդիմադիր պատգամավորի՝ պետական ներդրումների արդյունավետության, կապիտալ ներդրումների թերակատարման մասին ելույթին:

«Ես ուզում եմ մի քանի թիվ ներկայացնել, որ մեր հայրենակիցների մոտ այդ ելույթների հետևանքով  հանկարծ թյուրընկալումներ չառաջանան: Միայն  2018-2019 թթ այնքան ճանապարհ է կառուցվել, որքան դրանից առաջվա 7-8, 10 տարիներ ընթացքում: Միայն ճանապարհաշինության ոլորտում մեկ միավոր ճանապարհ սարքելու ինքնարժեքն ընդամենը մեկ տարում ընկել է  30 տոկոսով, և դա տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ արդար մրցույթներ են տեղի ունեցել»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
 

Արշակյանը հիշեցրեց, որ կառավարությունը նախորդ 2 տարիների ընթացքում գիտության բյուջեն ավելացրել է ավելի քան 2 անգամ, մտադրվել է 500-ից ավելի դպրոցներ կառուցել: «Եվ այո, կարող են լինել թերացումներ, մի փոքր թերակատարումներ, որովհետև մի բան է, երբ կառուցում ես 10 միավոր կապիտալ և մի բան է, երբ կառուցում ես 1 միավոր կապիտալ:  10 միավորի մեջ կարող է 1-2-ը թերակատարվել, իհարկե: Երբ մենք հայտարարում ենք, որ 2-3 անգամ, 10 անգամ ավելի շատ ճանապարհ ենք կառուցելու, պարզ է չէ՞, որ այդ ոլորտում այդքան կապիտալ ներդրումները պետք է բերեն նաև մասնավոր հատվածի զարգացմանը, նոր տեխնիկայի ներգրավմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Սա է ամբողջ պատկերը, և ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն իմանա, որ մենք ահռելի մեծ պլաններ ունենք, և այո, այդ պլանների մի մասը կարող են թերակատարվել, և դա նորմալ է»,-եզրափակեց նա:

  • Կիսվել: