հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԳՆ-ում կարիք կա քաղաքական նշանակման. Ավինյան

ԱԳՆ-ում կարիք կա քաղաքական նշանակման. Ավինյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դրական է համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակումը: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

Ավինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Իրականում՝ արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման և որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության միջև տարաձայնությունները, որոնք եղել են, որոշ ծավալով վերացնելու՛՛:

Հարցին, թե արդյոք առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու է հենց Գրիգորյա՞նը՝ Ավինյանը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն:

Նա չպատասխանեց հարցին, թե ու՛մ թեկնածությունն է քննարկվում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի համար, միայն նշեց, որ այս պահին ընթանում են քննարկումներ:

Անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ առաջիկայում ինքը պաշտոն կզբաղեցնի մասնավոր ոլորտում՝ Ավինյանն ասաց. ՛՛Կառավարության ձևավորման ժամանակ դրա հետ կապված և ոչ միայն դրա հետ կապված՝ բոլոր հարցերին անպայմանորեն կպատասխանեմ՛՛:

  • Կիսվել: