ԱԳՆ պաշտոնյան պարզաբանել է, թե ինչպես են վերլուծաբանին հրավիրել ՀՀ՝ մասնակցելու ԱԳՆ ֆորումին և լինելու բանախոս, երբ նրա մուտքը ՀՀ արգելված էր
Ամերիկացի վերլուծաբան Ջոշուա Կուչերայի մուտքը ՀՀ արգելվել է, քանի որ նախորդ անգամ պատշաճ չէր հավատարմագրվել. լրագրողների հետ զրույցում այսպես պարզաբանեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվել, որ տվյալ վերլուծաբանի մուտքը երկիր արգելվել է, բայց երկու-երեք տարի անց նրան ոչ միայն հրավիրել են գլխավոր դիվանագիտական ֆորումին, այլև բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ պանելային քննարկմանը բանախոս դարձրել։
«Իմ տեղեկություններով անցյալ անգամ նա խախտել էր հավատարմագրման կարգը և չէր հավատարմագրվել։ Այս անգամ պատշաճ հավատարմագրման պորցեսն անցնելուց հետո, նրա մուտքն, իհարկե, թույլատրվել է»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե քննարկվում էր, որ օկուպացված Արցախ այցի հետ կապված է եղել մուտքի արգելքը՝ Կարապետյանը պատասխանեց, որ ինքը միայն հավատարմագրման մասով է պատասխանում։
ԱԳՆ պաշտոնյան նաև ասաց, որ ոչ միայն Ջոշուա Կուչերայի, այլ նաև այլ փորձագետի մասով նման խոսակցություններ կային. «Ուզում եմ հստակ նշել, որ ՀՀ-ն երբևէ ոչ նախկինում, ոչ ներկայում չի սահմանափակվել Ադրբեջան այցելած որևէ էքսպերտի մուտքը Հայաստան։ Մենք պետք է աշխատենք նաև այն մարդկանց հետ, որոնք հնարավոր է ունեն այլ կարծիք մի շարք հարցերի վերաբերյալ։
Նմանատիպ համաժողովները նպատակ ունեն բացատրելու ՀՀ-ի դիքրորոշումները, ավելի ամրապնդելու այն ներկայացուցիչների մոտ, ում հետ աշխատում ենք, ովքեր ընդհանրապես հետաքրքված են մեր ռեգիոնով։ Հակված չենք ՀՀ հրավիրել այն մարդկանց, ովքեր սիրում են ՀՀ-ն և գոհ են այն քաղաքականությունից, որը վարում է ՀՀ-ն։ Մենք մեր քաղաքականությունը փորձում ենք բացատրել ավելի մեծ շերտերի»,-ասաց նա։