հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը «խայտառակ շոու» էր. Միրզոյանը՝ ընդդիմության ակցիայի մասին

ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը «խայտառակ շոու» էր. Միրզոյանը՝ ընդդիմության ակցիայի մասին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ ընդդիմության բողոքի ակցիաներին, մասնավորապես՝ ԱԳՆ շենքում կատարված գործողություններին։

Նա երեկ տեղի ունեցածը անվանեց ՛՛խայտառակ շոու՛՛ և ՛՛քաղաքական գործչին անհարիր պահվածք՛՛:

Միրզոյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Պատգամավորները, օգտագործելով իրենց պատգամավորական որոշակի արտոնությունները, մուտք են գործել շենք` քննարկելու, ենթադրում եմ՝ հարցեր ուղղելու ինձ ու ինձանից պատասխաններ լսելու, և այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպումներին ոչ վայելուչ պահվածք են դրսևորել։

Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են իրենց բավական սառնասիրտ դրսևորել այդ իրավիճակում, ինչը իհարկե, չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը բավականին անպատկառ է իրեն պահել։ Նույն դրոշը, որ փորձում էին տեղադրել ԱԳ նախարարության ֆոեյում, ես չեմ հիշում, որ տեղադրած լինեին իրենց իշխանության ժամանակ։ Թող տանեին ու դնեին Արցախի դրոշը ԱԳ նախարարության ֆոեյում, երբ իրենք կառավարության անդամ էին կամ նախագահ էին՛՛:

Նա անդրադարձավ նաև Արցախի դրոշները ԱԳՆ պատերին փակցնելուն և ասաց, որ ընդդիմադիր ուժերն իշխանության եղած տարիներին բավական ժամանակ են ունեցել դա անելու, բայց ինքը չի հիշում, որ այդ տարիներին ԱԳՆ-ի շենքը զարդարեին Արցախի դրոշներով կամ կրեին իրենց կոստյումների վրա։

  • Կիսվել: