ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԳՆ հայտարարությունը արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման վերաբերյալ

ԱԳՆ հայտարարությունը արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման վերաբերյալ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման վերաբերյալ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի և գործողությունների ծրագրի:

Նման համակարգված աշխատանքը հնարավորություն է  տալիս ապահովել մեր քաղաքացիների տեղափոխման առողջապահական անվտանգությունը և Հայաստանի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Այս առումով նշենք, որ տարբեր երկրներից մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպումը կրում է շարունակական և ծրագրված բնույթ:

Պարետատան և ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: Ուստի կոչ ենք անում արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձը իրականացնել բացառապես պարետատան և ԱԳՆ համակարգմամբ գործող սխեմայով և ձեռնպահ մնալ անհատական նախաձեռնություններից»։

  • Կիսվել: