չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աղավնո գետի ավազանի հրաշակերտները՝ լուսանկարներում. «Հայաստանի Հանրապետություն»

Աղավնո գետի ավազանի հրաշակերտները՝ լուսանկարներում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Անհանգիստ, շարժուն, հոգնություն չունեցող հայրենիքի նվիրյալ զավակ. այսպես կարելի է բնութագրել մեր գործընկերոջը՝ Զոհրաբ Ըռքոյանին, մարդու, ով, ավարտելով մայր բուհի բանասիրականը՝ մայրենի լեզու ու հայ գրականություն է դասավանդել Մասիսի դպրոցներում, հայրենանվիրումի ավիշով սնուցել պարմանահասակ իր սաներին, պատասխանատու քարտուղարի պաշտոն վարել ԵՊՀ «Երեւանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում, 1989-1994 թթ. մասնակցել ՀՀ եւ Արցախի պաշտպանական-ազատագրական մարտերին, իսկ 1996-ից տեղափոխվել ազատագրված Բերձոր, նորից զբաղվել սերնդակրթման ազգանվեր գործով, աշխատել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչության առաջատար մասնագետ, ապա նաեւ նույն վարչության պետի տեղակալ: Խմբագրել եւ այսօր էլ շարունակում է խմբագրել Քաշաթաղի շրջվարչության «Մերան» պաշտոնաթերթը՝ անկախ առաջացած դժվարություններից եւ այն իրողությունից, որ բերձորյան օջախն ու պաշտելի եզերքը տակավին բորենու երախում են…

Զոհրաբ Ըռքոյանը, որ նաեւ Ավետարանոց գյուղի նահատակ տղաներին նվիրված գրքի հեղինակն է, 1996-ից, ընտանյոք հանդերձ, իր նոր բույնն էր հյուսել ազատագրված Քաշաթաղում, հայր դարձել երեք դուստրերի, իրեն նվիրել դրախտային այս երկրամասի շենացման գործին: Իսկ այստեղ՝ Քաշաթաղում, հայտնագործելու այնքա՜ն թանկ մասունքներ կային, որոնք հայտնվելու էին իր լուսանկարչական սարքի ամենատես ոսպնյակում՝ մոռացության մատնված դամբարաններ, ավեր ու կիսավեր վանքեր, կիսաքանդ կամուրջներ, եկեղեցիներ, ամրոցներ, խաչքարեր, պեղումների ժամանակ հայտնաբերված վաղնջական ժամանակների իրեր, առարկաներ: Եվ այս ամենը՝ կերտված հայ մարդու ձեռամբ, հայկական հետքով, հայեցի ու հայաշունչ: Զոհրաբ Ըռքոյանը դրանք հայտնաբերել է ճանաչողական արշավների ժամանակ, կամ աշակերտներն են հայտնաբերել եւ այդ մասին տեղեկացրել իրենց սիրելի ուսուցչին՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչ-լրագրողին: Լուսանկարել է, ուսումնասիրել հնոց օրերի մեր անկորնչելի հիշատակները, որոնք այսօր հեռվից են տեսիլվում նրան, մեզ՝ այդ ամենն արարած մեր նախնիների հետնորդներիս: Բայց հավատանք մեր վաղվա օրվան, մեր գալիք հաղթանակներին, երբ կրկին կայցելենք հայոց շքեղ Շուշի քաղաք, մոմ կվառենք Սուրբ Ամենափրկիչում, Դադիվանքի կամարների տակ, 4-րդ դարում հառնած Ծիծեռնավանքի համալիրում, Սթունիսի հազարամյա ավեր եկեղեցում, Մկնատամի խաչում, Ճապկուտում, Վարազգոմում, մեր այլ տաճարներում, կանցնենք Աղավնո գետի մաշված կամրջով, նոր պեղումներ կանենք Միրիկի հայտնի ամրոցում, կհամբուրենք Վարդուտ գյուղին ի մերձ եւ Աղբարտխերտի հայախոս ու ծաղկած խաչքարերը: Կգան այդ բաղձալի ժամանակները. դժոխքի հատակը երկրի երեսին տեսած ազգը չի կարող չհավատալ իր բազկին, իր արյանն ու իր սուրբ նահատակների անդրժելի ուխտին:

Այդ հավատն ապրում եւ ապրեցնում է յուրաքանչյուր հայի, նաեւ նրան՝ Զոհրաբ Ըռքոյանին, որի «Հայկական Քաշաթաղ» խորագրով լուսանկարների անհատական ցուցահանդեսը հունիսի 15-ին բացվեց մայրաքաղաքի «Թեքեյան» կենտրոնի ցուցասրահում: Ներկայացված աշխատանքները տարիներով որոնումների, փնտրտուքների, սարուձորերով հոգնատանջ թափառումների հունձք են, նվիրումի արգասիք, հայրենիքի ու հայրենի եզերքի հանդեպ անսակարկ սիրո առարկայացում: «Միայն պատերազմների ժամանակ չէ, որ դրսեւորվում է հայրենասիրությունը: Դա ամենօրյա վերաբերմունք է՝ հանդեպ մեր չքնաղ բնաշխարհը, մշակութային մեր դարավոր հուշարձանները, կոթողները, մեր վիրավոր վանքերը, մեր հողը, մեր ջուրը, նվիրումը մեր տեսակին, մեր բաղձալի երազանքներին, մեզ վերապահված գործերին». գեղագետ լուսանկարչի մտորումներն են ու գործունեության հավատամքը: Եվ բնավ պատահական չեն նրա վաստակած պարգեւները՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներ, «Վաչագան Բարեպաշտ» շքանշան, ՀՀ ԿԳ ոսկե եւ ԱՀ վարչապետի հուշամեդալներ, կառավարական պատվոգրեր, ԱՀ նախագահի «Երախտագիտություն», ԵԿՄ եւ այլ մեդալներ:

Իսկ ցուցահանդեսում Աղավնո գետի հայաշունչ ավազանի՝ Քաշաթաղի անձեռակերտ կոթողներն են՝ վանքեր, եկեղեցիներ, կամարակապ կամուրջներ, հայատառ տապանաքարեր, որմնապատկերներ, ամրոցներ, խաչքարեր, որոնք եկվոր խաշնարածները, նախամարդու բնազդով, իրենցն են համարում կամ աղվանական: Եվ կամ անասնաբար ոչնչացնում են, պղծում ու ավերում…

Բացված ցուցահանդեսի առիթով հավելենք, որ Զոհրաբ Ըռքոյան պրոֆեսիոնալ լրագրողն ու լուսանկարիչը նմանատիպ ցուցահանդեսներ բազմիցս է ունեցել մշակութային տարբեր օջախներում: Նա հոգնել չունի՝ հաճախակի է այցելում հարազատ Արցախ, լինում Վրաստանի հայաշատ հանգրվաններում, այսուայնտեղ եւ վերադառնում նոր ասելիքով ու լուսանկարներով բեռնված:

Երախտագիտությամբ շնորհավորենք շնորհառատ մեր գործընկերոջը եւ մաղթենք նոր ցուցահանդեսներ ու նոր ձեռքբերումներ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: