հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Քաղաքական ընդդիմախոսները թող իրենց տոնը զսպեն, սադրելով լավ տեղ չեն հասնի. Տիգրան Ավինյան

Քաղաքական ընդդիմախոսները թող իրենց տոնը զսպեն, սադրելով լավ տեղ չեն հասնի. Տիգրան Ավինյան

Կարծում եմ՝ քաղաքական պատասխանատվությունը համաչափ տեղի է ունեցել, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել, և դա համաչափ և համադրելի քաղաքական պատասխանատվություն է։ Այս մասին այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ արդեն 7-րդ տարին է՝ մասնակցում է  Բաշ-Ապարանի հերոսամարտի շքերթին։

Դիտարկմանը, որ քաղաքական ընդդիմախոսները պնդում են, որ ինքը եւս պետք է քաղաքական պատասխանատվություն կրի Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի համար, Ավինյանն ասաց. «Մեր քաղաքական ընդիմախոսները, կարծում եմ՝ ճիշտ կանեն նախ մի քիչ իրենց տոնայնությունը զսպեն, որովհետև իրենք շատ վտանգավոր տոնայնությամբ են խոսում։ Այդ տոնայնությունները բերում են նմանատիպ միջադեպերի, չնայած ես մեր բոլոր գործընկերներին զգուշացրել եմ, որ մեր ընդդիմախոսները գնում են սադրանքների պարբերաբար, այնուամենայնիվ ես չեմ կարող իրենց ամեն սադրանքի համար պատասխան տալ։

Մենք պետք է հասկանանք, լավ, իսկ դիմացի կողմը ի՞նչ է անընդհատ անում, որ նմանատիպ իրավիճակների ենք հանգում վերջում։ Ես դրանից ուղիղ մեկ օր առաջ ասել էի, որ նմանատիպ պահվածքով, նմանատիպ վտանգավոր սադրանքներով լավ տեղ չենք հասնելու, և հաջորդ օրը տեղի ունեցավ հերթական սադրանքը և ունեցանք փաստացի այդ միջադեպը, որի համար շատ ցավում եմ։ Մեզ համար բռնություն անընդունելի է, և անկախ ամեն ինչից պաշտոնյաները, որոնք որ մեզ մոտ են աշխատում, պետք է լինեն զսպված։ Դա իրենց պատասխանատվությունն է, իրենց պարտականությունն է, բայց նաև դիմացի կողմը պետք է հասկանա, որ որոշակի սահմաններ կան, որոշակի կարմիր գծեր կան, վտանգավոր կարմիր գծեր, որոնք անցնել չի կարելի»։

Ինչ վերաբերում է կոռուպցիային, որի մեջ մեղադրում են իրենք, Երևանի քաղաքապետն արձագանքեց. «Ի՞նչ կոռուպցիա, այդ հեքիաթները, խնդրում եմ, գնացեք ուրիշ տեղեր պատմեք»։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Նոր նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

  • Կիսվել: