ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԱԿ-ի դերը Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում
Մայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է ՄԱԿ և զարգացման այլ միջազգային գործընկերների դերը Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման և ի հայտ եկող մարտահրավերները հասցեագրելու գործում: Ընդգծվել է, որ Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման նոր շրջանակային փաստաթուղթը լավ հարթակ է ձևավորում կողմերի միջև առավել արդյունավետ և համակարգված համագործակցություն ապահովելու համար:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է զարգացման գործընկերների հետ համագործակցությունը՝ Հայաստանի կարիքներից և առաջնայնություններից բխող թիրախային ծրագրերի իրականացման համար՝ ի նպաստ առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև բնական և այլ ճգնաժամերի նկատմամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը: ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի բարեփոխումների օրակարգն առաջ մղելու առումով կարևոր է ոչ միայն արդյունավետ քաղաքականությունների մշակումը, այլև անհրաժեշտ գործիքակազմի ու տեխնոլոգիաների տրամադրումը և կարողությունների ամրապնդումը: