կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանը փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել. Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան. Սարգիս Խանդանյան

Ադրբեջանը փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել. Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան. Սարգիս Խանդանյան

Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նա նշեց, թե Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել:

«Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքերի և տեխնիկայի կուտակումները վկայում են Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին, ստանձնած պարտավորությունները չկատարելու և հարցերը ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին։ Այս խնդրին պետք է լուրջ վերաբերվել։ Գիտեք, որ բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել, որպեսզի ավելացվի ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել»,- ասաց Խանդանյանը։

Ըստ նրա, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամն ու  Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա. «Բայց սա չի նշանակում, որ  Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով  խնդիրները հանգուցալուծելու ու  խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ  բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց  Սարգիս Խանդանյանը:

Հարցին, թե առաջիկայում որևէ միջնորդի կողմից առաջարկություն կա՞ հայկական և ադրբեջանական կողմի միջև հանդիպման, Խանդանյանը պատասխանեց, որ այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան։ Նրա խոսքով՝ եթե լինի նման պայմանավորվածություն, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին կտեղեկացնի։

  • Կիսվել: