կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը. Հրանտ Մարգարյան

Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը. Հրանտ Մարգարյան

Դեկտեմբերի 25-ին Թեհրանում, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում նշվեց Հայ Յեղափոխական դաշնակցության 131-րդ ամյակը: Միջոցառմանը հրավիրված բանախոսն էր «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հաղորդում է «Երկիր մեդիան»:

Նա, անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի ներկա կարգավիճակին, ընդգծեց. «Կարելի է շատ զոհեր տալ, կարելի է տարածքներ կորցնել, բայց դրանք կարող են կործանիչ չլինել, եթե մենք չենք հաշտվում պարտության հետ, եթե մեր մեջ շարունակվում է վճռակամությունը՝ կորցրածը հետ բերելու, կորցրածին վերատիրանալու: Եթե կա այդ վճռակամությունը, ոգին ու տրամադրությունը, այդ պարտությունը ժամանակավոր է դառնում: Պարտությունը կարող է կործանիչ լինել, երբ մեր մեջ մեռնում է պայքարի ոգին եւ մենք հաշտվում ենք պարտության հետ ու հայրենիքի կորուստը համարում ենք անվերադարձ»:

Բանախոսը անդրադարձավ նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրին և ասաց, որ խաղաղությունը չի կարող նպատակ լինել, այլ պետք է հետեւանքը լինի մեր գործողությունների

Նա ընդգծեց. «ՀՅԴ-ի կյանքի մեջ ամենակարեւորը հայրենիքն ու Արցախն է, եւ ոչ թե՝ պայքար հանուն իշխանության: Մենք իրավունք չունենք ընկճվելու, համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ: Ադրբեջանը պետք է հասկանա, որ հանգիստ չի ունենա, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը: Մեր պայքարը նոր է սկսվում: Աշխարհը պետք է հասկանա, որ հայ ժողովուրդը դեմ է կապիտուլիացիային, դեմ է իր տարածքների բռնազավթմանը: Ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել: Անհրաժեշտ է չեղարկված հայտարարել նոյեմբերի 9-ի կապիտուլացիան, եւ ազգային նոր Զարթոնք է հարկավոր»:

  • Կիսվել: