կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա. Նիկոլ Փաշինյան

 Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվում է։

Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Լեռնային Ղարաբաղը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից։ Մատակարարումներն իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես։ Լեռնային Ղարաբաղին բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից։ Միևնույն ժամանակ, տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության և քարոզչության շարունակական սրում, հատկապես Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ չեն դադարում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։

«Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի։

Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա։

Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է։ Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում»,- նշեց Փաշինյանը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: