շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ադրբեջանը ոչ թե եղել է թշնամական, այլ հիմա էլ է թշնամական. Խաչատրյան

Ադրբեջանը ոչ թե եղել է թշնամական, այլ հիմա էլ է թշնամական. Խաչատրյան

Ադրբեջանը ոչ թե եղել է թշնամական, այլ հիմա էլ է թշնամական, որովհետև բարեկամ երկիրը հարևանի տարածքում օկուպացիոն զորքեր չէր պահի և տարածք չէր օկուպացնի։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում խոսել էթնիկ զտման, այսինքն՝ ցեղասպանության ենթարկված արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու իրավունքի մասին։ Նրանք այդ հարցը համարում են փակված, վկան Եվրասիայի խորհրդարանական վեհաժողովում ՔՊ-ական պատգամավորների քվեարկությունն է։ Նրանք դա հիմնավորում են այն կեղծ փաստարկներով, որ եթե մենք պահանջենք արցախցիների վերադարձը, Ադրբեջանն էլ կպահանջի չակերտավոր «արևմտյան ադրբեջանցիների» չակերտավոր վերադարձը։ Հայաստանը չի պահանջում արցախցիների վերադարձը, իսկ Ադրբեջանը շարունակում է պահանջել և նույնիսկ խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին խոսել այդ, այսպես կոչված, համայնքի ներկայացուցիչների հետ։ Դե, ակնհայտ է, որ Հայաստանն էլ չի խոսում, որովհետև կարող է իրավիճակը լարվի, ինչպես սպառնում է Ադրբեջանը:

Նիկոլ Փաշինյանի և քաղաքական մեծամասնությունը հայտարարում է, որ արցախցիները պետք է տնավորվեն Հայաստանում, սակայն ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները ապահովելու համար արցախահայերի արժանապատիվ կյանքը Հայաստանում։ Ես պարբերաբար հանդիպում եմ թե՛ արցախցիների, թե՛ Արցախի իշխանությունների հետ։

Վերջերս խնդրանք եմ ստացել վառելիքաքսուքային նյութերի պայթյունից տուժած ընտանիքներից, 100 ստորագրություն։ 200-ից ավել զոհ է եղել, կա վերաքննիչ դատարանի որոշում, որ այդ զոհերը պատերազմական գործողությունների հետևանքով են եղել, դա դժբախտ պատահար չի եղել։

Մարդիկ չունեն որևէ կարգավիճակ, որևէ աջակցություն Հայաստանի Հանրապետության բյուջեից չեն ստացել։ Հիմա այդ մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն։ Մյուսները ինչպե՞ս պետք է ապրեն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ բնակապահովման ծրագիրը ձախողվել է, բոլորս հասկանում ենք, որ աշխատանքով ապահովման ծրագիրը ձախողվել է, վկան միջնից շատ ավելի բարձր գործազրկությունը։ Բա ինչպե՞ս ապրեն, ինչպե՞ս տուն դնեն այստեղ»:

Նա անդրադարձավ նաեւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի վերջերս հրապարակած եզրակացությանը:

«Մարդիկ նշում են, որ Հայաստանը չի կատարել իրենց ռեկոմենդացիան և բավարար չափով չի պայքարում արցախցիների դեմ խտրականությունը մեղմելու և արցախցիների ինտեգրումը հայաստանյան հասարակությունում ապահովելու համար։ Վերադարձի իրավունքը չեք պահանջում, սոցիալական հարցերը չեք լուծում, մարգինալացնում եք այդ մարդկանց, չեք օգնում, որ ինտեգրվեն Հայաստանի հասարակությանը, բա ձեր ուզածն ի՞նչ է։ Պատասխանը գալիս է ինքնաբերաբար, որ արցախցիները լքեն Հայաստանի Հանրապետությունը, չկան արցախցիներ, չկա Արցախի հարց»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: