Ադրբեջանը կփորձի վերածել COP29-ը հակահայկական էկոլոգիական հարթակի
Նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29) ընդառաջ, որի հյուրընկալմանն Ադրբեջանը հասավ տարատեսակ քաղաքական աճպարարությունների շնորհիվ, Բաքուն էլ ավելի է սաստկացրել տասնամյակներ տևող տեղեկատվական պատերազմը Հայաստանի հանքարդյունաբերության և էներգետիկ ոլորտների դեմ։ Պատճառը մեկն է ու ակնհայտ՝ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի քաղաքական, ռազմական, հոգեբանական, քարոզչական բաղադրիչներին գումարել ևս մեկը՝ բնապահպանական-տնտեսականը, ինչը հնարավորություն կստեղծի թուլացնել երկիրը թե ներսից, թե դրսից։
Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության ողնաշարը, և ընտրելով այդ ոլորտը որպես թիրախ, Ադրբեջանը փորձում է կոտրել այդ ողնաշարը՝ որպես գործիք կիրառելով կեղծ բնապահպանական թեզերն ու մեղադրանքները։ Ադրբեջանի հետևողական սադրանքներն արդեն իսկ լուրջ խոչընդոտներ են ստեղծել Սոթքի ոսկու հանքավայրի և Երասխում կառուցվող պղնձաձուլարանի համար։
Չբավարարվելով այսքանով՝ COP29-ին ընդառաջ Ադրբեջանը ողջ օգոստոս ամիսը տեղական ԶԼՄ-երն ու համացանցը ողողել է մերկապարանոց քարոզչական նյութերով, մեղադրելով ՀՀ-ին Արցախի հետ սահմանակից գետերը (մասնավորապես՝ Ողջին) իբր հանքարդյունաբերական թափոններով աղտոտելու մեջ: Աբսուրդի գագաթնակետին են հասնում Բաքվի «Մեծամորի ՀԱԷԿ-ից Արաքս գետ ռադիոակտիվ և քիմիական թափոններ լցնելու» մասին կեղծ թեզերը։ Ընդհանրապես «Մեծամորի» ՀԱԷԿ-ի շահագործումը հանգիստ չի տալիս թե Ադրբեջանին, թե նրա ավագ եղբայր Թուրքիային։ Նրանք տարիներ շարունակ անհաշտ պայքար են մղում ՀԱԷԿ-ի շահագործման դեմ, պարբերաբար «վերահաս վտանգների» մասին ահազանգելով տարբեր միջազգային պատկան կառույցներին՝ մասնավորապես ՄԱԳԱՏԷ-ին։ Սակայն Մեծամորի ՀԱԷԿ-ի աշխատանքը մշտապես գտնվում է միջազգային մասնագիտական մոնիթորինգի ներքո և նրա շահագործման անվտանգության մասին բազմիցս փաստել են տարբեր ոլորտային հեղինակավոր կառույցներ։
Ինչ վերաբերվում է Արաքս գետի աղտոտման մասին ադրբեջանական կեղծ թեզերին, ապա այստեղ էլ հայկական կողմի հակափաստարկները առավել քան կուռ են՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ներքո գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար հրապարակվող մակերևութային ջրերի մոնիթորինգի տվյալներն ցույց են տալիս, որ 28-րդ դիտակետից, որը գտնվում է հյուսիսից Արաքսի՝ Հայաստանից Նախիջևանի սահման անցմանը մոտ, մինչև 29-րդ դիտակետ, որը տեղակայված է հարավում, արդեն Նախիջևանից Հայաստանի սահման Արաքսի անցման մերձակայքում, գրեթե բոլոր մետաղների կոնցենտրացիան կտրուկ աճում է, իսկ հաջորդ անցակետում էական փոփոխություն չի կրում։ Փաստացի՝ գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին։
Ընդհանրապես, Ադրբեջանը սեփական աչքի գերանը քողարկելու համար այլոց աչքի փուշը ի ցույց դնելու քաղաքականությունը կիրառում է բոլոր ոլորտներում՝ թե ռազմական, թե քաղաքական, թե բնապահպանական։ Աշխարհի բնապահպանական տարատեսակ կառույցների կողմից որպես էկոլոգիապես ամենաաղտոտված երկրներից մեկը ճանաչված Ադրբեջանը փորձում է մեղադրել էկոլոգիապես անհամեմատ ավելի բարվոք կարգավիճակում գտնվող Հայաստանին տարածաշրջանային էկոաղետ հրահրելու մեջ։
Բարեբախտաբար, միջազգային բնապահպանական կառույցների մոնիթորինգների արդյունքները գալիս են փաստելու ադրբեջանական մեղադրանքների մերկապարանոց լինելը և երևան հանում բոլորովին այլ իրողություն։ Եվ այսպես Եյլի համալսարանի կողմից հրապարակվող Բնապահպանական արդյունավետության ինդեքսով Ադրբեջանը 180 երկրների ցանկում 104-րդն է, Հայաստանը՝ 56-րդը։
Իսկ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային խորհուրդը Հայաստանի 2-րդ վավերացման արդյունքում մեր երկրին շնորհել է 89,5 միավոր (100 հնարավորից)։ Հայաստանը գերազանցել է ԱՃԹՆ-ի մեկ պահանջը, լիովին բավարարել 24-ը և գրեթե բավարարել երկուսը: ԱՃԹՆ-ի միջազգային պաշտոնական կայքում Հայաստանի վերջին վավերացման գրանցած բարձր արդյունքներին վերաբերող հոդվածում նշվում է, որ «չնայած տարածաշրջանի աշխարհաքաղաքական լարվածություններին և քովիդի հետևանքով առաջացած խափանումներին, Հայաստանի ԱՃԹՆ-ն պահպանել է իր աշխատանքային պլանի իրականացման արդյունավետությունը և ամրապնդել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի՝ երկրի տնտեսության կարևորագույն հատվածի բացահայտումները»: Խորհուրդը նաև ողջունում է Հայաստանի ջանքերը՝ տվյալների հասանելիությունը, փոխգործելությունը և ամբողջականությունը հետագա բարելավելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով սովորական բացահայտումների երկրի փորձը:
Մինչդեռ «էկոսանիտարի» դեր ստանձնած Ադրբեջանի անդամակցությունը նախաձեռնությանը նույն թվականին կասեցվել է նախաձեռնության սկզբունքների խախտման հիմնավորմամբ։ Եվ սա ամենը չէ։ 2023 թվականի տվյալներով՝ այս երկրի ՀՆԱ 55.94%, իսկ արտահանման 92 տոկոսը բաժին է ընկնում նավթին, գազին կամ դրանց վերամշակումից ստացված արտադրանքներին։ Իսկ դրանք, ըստ բոլոր բնապահպանական նորմատիվների, դասվում են էկոհամակարգը առավել աղտոտող հանքարդյունաբերական ուղղությունների շարքին։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ հանքարդյունաբերության բաժինը կազմում է ընդամենը 4.9%, իսկ արտահանման մեջ՝ 17.54%։
Կասպից ծովի արևմտյան ափին գտնվող Ապշերոնի թերակղզու 21,3 հազար հեկտար տարածքը նավթարդյունաբերության աղետալի հետևանքով տարբեր փորձագիտական կառույցների կողմից ճանաչվել է բնակության համար անպիտան տարածք։ Ապշերոնի թերակղզում ավելի քան 200 լճերի մեծ մասը աղտոտված է կոյուղաջրերով, արդյունաբերական և կենցաղային աղբով։ Կասպից ծով են թափվում նաև արդյունաբերական և կենսաբանական թափոնները։ Ընդ որում՝ Կասպից ծովի ավազանի կոյուղաջրերով, նավթով և նավթամթերքներով աղտոտման հոտևանքները իրենց վրա անմիջականորեն զգում են նաև ավազանի երկրների մյուս երկրները՝ Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը։
Ադրբեջանում աղետալի իրավիճակ է ոչ միայն նավթի արդյունահանման ոլորտում․ բնապահպանական նորմատիվների լրջագույն խախտումներով է աշխատում նաև հանքարդյունաբերությունը։ Մասնավորապես Գեդաբեկ շրջանի Սոյուդլու գյուղի տարածքում գտնվող բրիտանական «Anglo Asian Mining» ընկերության ոսկու հանքավայրերից մեկը։ Գյուղի բնակիչները բողոքում են երկրորդ պոչամբարի կառուցման դեմ՝ նշելով, որ առաջին պոչամբարն արդեն իսկ վնասում է իրենց առողջությանը։
Եվ այս ամենով հանդերձ Ադրբեջանը շարունակում է աղաղակել Արցախում նախկին երեսուն տարիների ընթացքում հայկական կողմից բնական ռեսուրսների իբրև փոշիացման, էկոլոգիան աղետ հրահրելու մասին։
Ավելին 2023թ․ հունվարի 27-ին Ադրբեջանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ Հայաստանի: Բաքուն Երևանից փոխհատուցում է պահանջում «շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման» համար այն ժամանակահատվածում, երբ Արցախը գտնվում էր հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։ Այս առնչությամբ վերջերս «CBC» ռուսալեզու ադրբեջանական հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Ադրբեջանի արբիտրաժային ասոցիացիայի նախագահ Կամալա Մեհդիևան։ Հարցազրույցում նա կարևորել է այն փաստը, որ սա առաջին դեպքն է, երբ որևէ երկիր միջպետական արբիտրաժ է դիմում Բեռնի կոնվենցիայի համաձայն։ «Եվ եթե Ադրբեջանը հաղթի, նախադեպ կստեղծվի կենսաբազմազանության և շրջակա միջավայրի ոչնչացմանը տնտեսական արժեք տալու համար»,- նշել է նա:
Վերոնշյալ փաստերը գալիս են հուշելու, որ Ադրբեջանը անկասկած փորձելու է օգտագործել COP29-ի հարթակը իր հակահայ, ստահոդ թեզերը առաջ մղելու համար, որպեսզի հասնի դրանց միջազգային ամրագրմանը և որպես հնարավոր հետևանք ՀՀ-ի դեմ որոշակի սահմանափակումների կիրառմանը։
Ստեղծված իրավիճակում ՀՀ պատկան մարմինները, ինչպես նաև բնապահպանական կառույցները պարտավոր են գործադրել բոլոր ջանքերը ադրբեջանական կեղծ քարոզչական մեղադրանքները հերքելու և միջազգային հանրությանը տարածաշրջանային էկոլոգիական իրավիճակի մասին իրական պատկերը փաստարկված ներկայացնելու համար։