երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը հրաժարվում է ՀՀ-ին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար. Փաշինյան

Ադրբեջանը հրաժարվում է ՀՀ-ին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական խորհրդի նախագահի հետ բանակցություններում որպես առաջնահերթ գերակայություն կարևորեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նա այս մասին ասաց Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ:

Ինչպես գիտեք՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ադրբեջանը այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև, ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար՛՛:

Փաշինյանը նշեց նաև, որ  Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես, ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը:

 

  • Կիսվել: