հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ադրբեջանը հրապարակավ խոստովանում է, որ դեմ առ դեմ պատերազմը տանուլ է տվել եւ առանց Թուրքիայի օգնության ոչինչ անել չի կարող. քաղաքագետ

Ադրբեջանը հրապարակավ խոստովանում է, որ դեմ առ դեմ պատերազմը տանուլ է տվել եւ առանց Թուրքիայի օգնության ոչինչ անել չի կարող. քաղաքագետ

Օգոստոսի 28-ի նույն ժամերին, երբ Սարդարապատում վարչապետ Փաշինյանը պետական բարձր պարգեւներ էր հանձնում Տավուշի ուղղությամբ հուլիսյան եռօրյա մարտերին բացառիկ խիզախությամբ աչքի ընկած զինվորականներին, Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ մի քանի հարյուր հոգի, հիմնականում՝ կանայք, ցույց էին կազմակերպել «Թուրքիա, մի հեռացիր» եւ «Թուրքիա, հարվածիր» կարգախոսերով:

Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, անկախ այն բանից՝ իշխանություններն էին կազմակերպել այդ ակցիան, թե՞ դա «ինքնաբուխ» հավաք էր, երեւույթի քաղաքական իմաստն այն է, որ Ադրբեջանը հրապարակավ խոստովանում է, որ դեմ առ դեմ պատերազմը տանուլ է տվել եւ առանց Թուրքիայի օգնության ոչինչ անել չի կարող: «Հասկանու՞մ է Իլհամ Ալիեւը, որ այդպիսով ոչ միայն սեփական դատավճիռն է գրվում, այլեւ փլուզվում է շուրջ երեք տասնամյակ ջանադրաբար հյուսված առասպելը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի «լոկոմոտիվն է», առանց նրա համաձայնության ոչ մի հարց չի կարող լուծվել»:

Ըստ երեւույթին, նման զգացողություն Բաքվի իշխող վերնախավն ունի եւ այլեւս անկարող է զսպել նյարդայնությունը: Այնքան, որ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիեւը սեփական հանրությանը ներշնչում է, որ «օկուպացված Ղարաբաղում կորոնովիրուսային համավարակ է, բայց Հայաստանը թաքցնում է իրական պատկերը»: Կորոնավիրուսի տարածման առաջին օրերին Բաքվից Արցախի բնակչությանը հորդորում էին «օգնություն խնդրել Ադրբեջանից, որովհետեւ Հայաստանն աղքատ երկիր է, նույնիսկ սեփական քաղաքացիներին փրկելու միջոցներ չունի»:

Ունենք հակառակ պատկեր. Արցախում կորոնովիրուսի դեմ պայքարն ավելի արդյունավետ է, քան՝ Ադրբեջանում, որտեղ կառավարության օպերատիվ շտաբը նախօրեին որոշել էր թուլացնել սահմանափակումները, բայց օգոստոսի 29-ին ավելի է խստացրել կարանտինը: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները պնդում են, որ Իլհամ Ալիեւի կառավարությունը իրական տվյալներ չի հրապարակում: Փաստացի Ադրբեջանի մայրաքաղաքը, Սումգայիթը եւ ողջ Ապշերոնյան թերակղզին համավարակի օջախ են: Գրեթե նույն վիճակն է Գյանջայում եւ հարակից Գերանբոյի, Գյոյգյոլի, Շամքիրի եւ Դաշքեսանի շրջաններում, ինչպես նաեւ Բարդայում, Եվլախում եւ Մասալիիում: Կրկին արգելափակվել է ելումուտը Բաքու, որտեղ չի աշխատում մետրոպոլիտենը, իսկ հանրային տրանսպորտը գործում է սահմանափակ գրաֆիկով:

 

  • Կիսվել: