երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ադրբեջանը հայկական կողմից ակնկալում է փոխադարձ քաղաքական կամք՝ երեք կոնկրետ ոլորտներում տարաձայնությունները հաղթահարելու համար». Բայրամով

«Ադրբեջանը հայկական կողմից ակնկալում է փոխադարձ քաղաքական կամք՝ երեք կոնկրետ ոլորտներում տարաձայնությունները հաղթահարելու համար». Բայրամով

Ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում բանակցություններ են ընթանում երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։ Այս մասին այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ Բայրամովն ասել է, թե վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները։

՛՛Ադրբեջանը հայկական կողմից ակնկալում է փոխադարձ քաղաքական կամք՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում, որոնք կազմում են երկկողմ քննարկումների օրակարգը՛՛,-ասել է Բայրամովը:

Բացի այդ՝ Բայրամովը նաև Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել, մասնավորապես՝ նա թվել է հետևյալը. ՛՛Հայաստանի շարունակական անօրինական ռազմական ներկայությունը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, հետևողական միջամտությունը ներքին գործերին, Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների և Ղարաբաղի տարածաշրջանում հայկական ծագումով տեղի բնակիչների միջև երկխոսության խոչընդոտումը, ինչպես նաև զրպարտչական արշավի իրականացումը միջազգային մասշտաբով, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակներում՛՛:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝  այս ամենը ՛՛Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հիմնական խոչընդոտն է՛՛:

Նա նաև նշել է, որ ՛՛հակամարտությունն ավարտվել է, և անկախության վերականգնումից հետո առաջին անգամ երկու երկրները խաղաղության շեմին են՝ խոստանալով փոխադարձ հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությանը՛՛:

  • Կիսվել: