չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա. վարչապետ

Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա. վարչապետ

Ցավոք սրտի, Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա: Այս մասին 1in.am-ին տված իր հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դա տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց մասով պարտավորություն։ Կրկնում եմ, որ նույն Խծաբերդի միջադեպով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի՞ են, թե՞ ռազմագերի չեն։ Այս մեկնաբանությունը տեղին չէ, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների և այլ պահվող անձանց։

Ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է և այդ հայտարարության վերաբերյալ ու դրանով ձևակերպված պարտավորությունները կիսում են բոլոր ստորագրած կողմերը։ Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որ հնարավորինս արագ ինտենսիվ լուծում տանք այդ հարցին՛՛:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ամեն ինչ անել, որ պրոցեսները չմտնեն փակուղի։ Իրենք օրակարգի շուրջ աշխատում են այնքան ժամանակ, քանի դեռ իրական հնարավորություն կա խնդիրը լուծելու. ՛՛Իրական հնարավորություն կա, որ մենք ունենանք կոնկրետ արդյունքներ։ Երբ որ մենք տեսնենք, որ նման հնարավորություն չկա, ժամավաճառությամբ չենք զբաղվի՛՛:

Նա հավելեց, որ այլ հարց են ժամկետները, որովհետև կարևոր է ամեն վայրկյանը:

՛՛Մինչ այս պահը 69 գերի է վերադարձել հայրենիք, բայց պետք է շարունակենք այնքան աշխատել, մինչև բոլոր գերիները վերադարձվեն՛՛,-եզրափակեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: