ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են զորավարժություններ, իսկ փաշինյանական իշխանությունները պատրաստվում են կրճատել մեր բանակը. Աբովյան

Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են զորավարժություններ, իսկ փաշինյանական իշխանությունները պատրաստվում են կրճատել մեր բանակը. Աբովյան

ԲՀԿ անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում ՛՛Բա հետո՞...՛՛ վերտառությամբ գրառում է արել:
 
Նա, մասնավորապես, նշել է.  Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը արդեն տևական ժամանակ անցկացնում են բարձր մակարդակի հանդիպումներ, որպեսզի հասկանան և հստակեցնեն իրենց դիրքերը մեր տարածաշրջանում։
 
Իսկ փաշինյանական «պողպատե մանդատով» օժտված իշխանությունը ոչ միայն ինքնակամ դուրս է մնացել տարածաշրջանային գործընթացներից, այլև նույնիսկ արդեն ինչ երկրորդ ամիսն է արտգործնախարար չունի։
 
Ֆիքսենք, որ Հայաստանին ոչ ոք այլևս ո՛չ հարցնում է, ո՛չ էլ ներգրավում այն տարածաշրջանային գործընթացների մեջ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար։
 
Ադրբեջանը և Թուրքիան ԱՆԸՆԴՀԱՏ անցկացնում են ռազմական զորավարժություններ։
 
Ի դեպ, այդ գործընթացին պարբերաբար միանում են նաև վրացիները։ Օրինակ՝ շուտով մեկնարկելու են Eternity-2021 զորավարժությունները, որին մասնակցելու են Թուրքիայի,
Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը:
 
Թուրքիան հայտարարում է, որ կարող է իր ռազմական ներկայությունը ավելացնել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը կտրուկ ավելացնում է թե՛ իր բանակի զինծառայողների քանակը, թե՛ սպառազինությունները։
 
Իսկ փաշինյանական իշխանությունները պատրաստվում են կրճատել մեր բանակը և զուգահեռ բացել թշնամու դեմ մեր երկրի դարպասները՝ անունը դնելով «կոմունիկացիաների բացում»։
 
Ինքս կարդում եմ և ուղղակի ապշում՝ ախր, ո՞նց...ո՞նց ընդամենը 3 տարվա ընթացքում կարելի է իսպառ ոչնչացնել Հայաստանի անվտանգային, դիվանագիտական, ռազմական ներուժը։
 
Հիմա, եթե սա ինքնիշխանության տոտալ ոչնչացում չէ, ապա ի՞նչ է։
 
Երկրի ապալեգիտիմացումը հո պոզով-պոչով չի՞ լինում։
 
Ամեն օր սպասում ես, որ ավելի վատ չի կարող լինել և ամեն օր հասկանում ես, որ այս իշխանությունները անում են ամեն ինչ՝ քեզ հակառակը ապացուցելու համար։
Խելագարվել կարելի է...
...
Այնպես որ՝ Ապագա Կա՛...վայելե՛ք՛՛։

  • Կիսվել: