ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը էսկալացիանները օգտագործում է բանակցություններում գրանցված առաջընթացները զրոյացնելու համար. Փաշինյան

Ադրբեջանը էսկալացիանները օգտագործում է բանակցություններում գրանցված առաջընթացները զրոյացնելու համար. Փաշինյան

Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօրվա սադրանքը, նրա խոսքով, նպատակ ունի խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի ու պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով, Ադրբեջանի ՊՆ երեկվա հաղորդագրությունները մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են. նման տեղեկատվությունը, ըստ վարչապետի, հորինվում է իրադրությունը սրելու համար։

«Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու ու կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան հետին թվով լուրը հորինել է իրադրությունը սրելու համար, իսկ իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային  գործընթացը զրոյացնելն է ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը», - նշեց նա։

  • Կիսվել: