ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ադրբեջանը չի օկուպացրել հայկական տարածքները, բախումները տեղի են ունենում ոչ սահմանազատված հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում». Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանում

«Ադրբեջանը չի օկուպացրել հայկական տարածքները, բախումները տեղի են ունենում ոչ սահմանազատված հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում». Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը հայտարարեց, որ Ադրբեջանը դատարանին է դիմում խնդրանքով՝ «դադարեցնել ադրբեջանցիների՝ էթնիկ և ազգային պատկանելության հիմքով շարունակական սպանությունները 2020-ի նոյեմբերին ստորագրված հայտարարությունից հետո ՀՀ-ի կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով»:

Էլնուր Մամեդովն իր ողջ ելույթը կառուցեց այն հավաստիացման վրա, թե իբր Հայաստանը շարունակում է ականներ տեղադրել իրենց բնակավայրերում՝ անգամ 2020-ի նոյեմբերից հետո։ Ներկայացրեց նաև վիճակագրություն, որ իրենք Հաագայի դատարանի՝ 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումից հետո հայտնաբերել են ՀՀ-ի կողմից տեղադրված 2700 նոր ականներ։ Այդ պատճառով 282 ադրբեջանցիներ կամ զոհվել են կամ վիրավորվել, զոհվել են 33 քաղաքացիական անձինք։ Էլնուր Մամեդովը փորձեց դատարանին հավաստիացնել, թե ադրբեջանցիները շարունակում են տուժել, զոհվել, քանի որ Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ Նա նշեց, որ դատարանից խնդրում են հրատապ միջոցի կիրառում, որպեսզի խուսափեն ադրբեջանցիների հետագա մահերից։
 
Էլնուր Մամեդովը դժգոհեց, թե Հայաստանն այս ամենն անում է իրենց ահաբեկելու համար, իբր իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, որ ստեղծի միաէթնիկ հայկական պետություն։ Նա ասաց, թե իբր հայերը վերացնում են ադրբեջանական հետքը այն տարածքներից, որոնք, նրա խոսքով, ադրբեջանական են, ոչ թե հայկական։
 
ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչը կամ հղում էր կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությանը կամ նշում, թե Հայաստանը իրենց չի տրամադրում ականապատ տարածքների քարտեզները կամ փորձում հավաստիացնել, թե Հայաստանը նոր ականներ է տեղադրել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում և փորձում դատարանին համոզել, որ դա արել է Լաչինի միջանցքով։ Նա նշեց․ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զաբուխ և Սուս գյուղերում հայտնաբերվել են նոր կառուցված պայթուցիկ թակարդներ (booby traps), հայկական ծագմամբ ականներ, որոնք տեղադրված են այդ ադրբեջանական գյուղերում և դրանց մոտակայքում։ Դրանք թաքցված են եղել քաղաքացիական ենթակառուցվածքներում։ Դրանք Լաչինի միջանցքով են տեղափոխվել, քանի որ այս տարածքներ ՀՀ-ն կարող է հասնել միայն այդ ճանապարհով»։
 
Պատասխանելով այն մեղադրանքներին, որ Ադրբեջանը հարձակում է գործել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ Ադրբեջանի ներկայացուցիչը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Ադրբեջանը չի օկուպացրել հայկական տարածքները, բախումները տեղի են ունենում ոչ սահմանազատված հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում, ոչ թե Հայաստանի ինքնիշխան տարածքում»։

  • Կիսվել: