շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ադրբեջանը չի նախատեսում երրորդ պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Ալիև

Ադրբեջանը չի նախատեսում երրորդ պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Ալիև

Ադրբեջանը չի նախատեսում երրորդ պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այս մասին այսօր ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա հավելել է, որ դա է միակ պատճառը, որ Բաքուն ուժով չի պատասխանում Երևանի գործողություններին։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի առաջարկը ՛՛որոշ ժամանակ սեղանին կլինի՛՛։

՛՛Նրանք սահմանազատում չեն ուզում, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ մենք հարմար ենք համարում։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, ոչ այստեղով։ Ես կարծում եմ, որ դա այստեղ է անցնում, դրա համար պատճառներ ունեմ՝ պատմական և քարտեզագրական՛՛,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաև ասել է, որ իրենք սպասում են, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Հայաստանը տապալում է խաղաղության շուրջ բանակցությունները և ամեն կերպ փորձում Ղարաբաղի հարցը ներառել Երևանի և Բաքվի միջև ստորագրվելիք փաստաթղթում։

՛՛Հայաստանը պետք է որոշում ընդունի, և ըստ էության արձանագրի այն, ինչ նրանք ընդունել են Պրահայում, իսկ հետո՝ Սոչիում անցած տարվա հոկտեմբերին։ Հղումը տարածքային ամբողջականությանն ու Ալմա Աթայի հռչակագրին առավել քան հստակ ասում է, որ նրանք (հայերը) ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դա մեր հաջողությունն է, որովհետև Հայաստանը առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՛՛,-ասել է Ալիևը։

Վերջինս միաժամանակ պնդել է, թե ասելով ա-ն, Հայաստանը հրաժարվում է ասել բ-ն։

՛՛Նրանք ամեն կերպ ուզում են Ղարաբաղի հարցը խցկել խաղաղության պայմանագրի մեջ և, ըստ էության, արգելափակում են բանակցությունները։ Եվ այն, որ նրանք անտեսեցին արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում՝ ինչ-ինչ իրադարձությունների պատճառով, ընդհանրապես անընդունելի է՛՛,-ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերին Հայաստանի վրա կատարված հարձակումից հետո Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում, մեկնել էր Պրահա։

՛՛Նեղացածի դիրքը կարող է հարմարավետ լինել, բայց շատ վնասակար է երկրի ու մարդու համար։ Խղճահարություն առաջացնելը լավագույն բանը չէ քաղաքական գործչի զինանոցում, հատկապես, երբ դա ֆեյք է։ Կարծում եմ՝ այս տարին շատ բան կհստակեցնի՛՛,-հավելել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: