կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը սակարկի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի. ՔՊ-ական պատգամավոր

Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը սակարկի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի. ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը թղթի վրա պայմանավորվել են միմյանց համար ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիները։ Սակայն որևէ բան ապաշրջափակելու փոխարեն Ադրբեջանը որոշել է շրջափակել Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության կապն արտաքին աշխարհի հետ:
 
Հայաստանը պատրաստ է այսօր իսկ վերաբացել իր բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը Ադրբեջանի տարանցման համար։ Տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը մեզ համար առանձին հարց է, և մենք դրա համար որևէ նախապայման չունենք։ Ընդհակառակը, մենք հավատում ենք, որ տնտեսական և տրանսպորտային համագործակցությունը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին:
 
Ադրբեջանի տեսակետն այլ է. վերջինիս կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կապված է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։ Ադրբեջանի պայմանն այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղի 120,000 հայեր ցանկանում են Լաչինի միջանցքն օգտագործել որպես մարդասիրական և առևտրային կապ Հայաստանի և մնացած աշխարհի հետ, ապա Ադրբեջանը, իր կարծիքով, նույնպես պետք է իրավունք ունենա Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման` առանց մաքսային և որևէ այլ տեսակի վերահսկողության:
 
Այսպիսով, Ադրբեջանը մի կողմից ասում է, որ հակամարտությունն ավարտված է, և որ մենք պետք է սկսենք վերակառուցման և համագործակցության դարաշրջան, մյուս կողմից՝ Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը սակարկի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հանուն Լեռնային Ղարաբաղի։
 
Դա օրինական պահանջ կամ պայման չէ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իսկապես նախատեսում է Լեռնային Ղարաբաղի` Լաչինի միջանցքի հետ կապված հատուկ պայմանավորվածություններ, սակայն այն չի նախատեսում նման հատուկ պայմանավորվածություն տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման մասով:
 
Արդեն 73 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղում առաջացնելով սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի խիստ ու խորացող դեֆիցիտ։
 
Հինգ օր առաջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը, ուղիղ մեջբերում, «ընդգծեց Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ արեց կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ», մեջբերման ավարտ։
 
Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային համագործակցությունը օգուտ կբերի բոլոր հանրություններին։ Մենք սպասում ենք այն օրվան, երբ Ադրբեջանը նույնպես կհրաժարվի պարտադրանքից և ոտնձգություններից և կընտրի համագործակցությունը»,- նշել է Կարապետյանը:

  • Կիսվել: