կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ. Փաշինյան

Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մաս է միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին։  Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե պաշտոնական, թե հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին։

Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է։ Հայաստանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  այս ողջ իրավիճակին Հայաստանի արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը։

«Որքան էլ ծանր լինի թե բարոյապես, թե քաղաքական, թե էմոցիոնալ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»,- ընդգծեց Փաշինյանը։

  • Կիսվել: