ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանում ժողովրդավարության խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը․ Աննա Նաղդալյան

Ադրբեջանում ժողովրդավարության խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը․ Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթին։

«Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ:

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել ագրեսիվ, անհիմն և մտացածին պնդումներով, որոնք Հայաստանից և հայ ժողովրդից բացի ուղղվում են նաև եվրոպական երկրներին, եվրոպական կառույցներին, Ադրբեջանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությանը: 

Հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը՝ մի կողմից եվրոպական երկրներին մեղադրելով կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, իսկ մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելով  ԼՂ հակամարտության համատեքստում: 

Ադրբեջանի նախագահի կողմից պատմական և աշխարհագրական նոր ‹‹հայտնագործություններով›› ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին:

Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:   

Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը»,- մասնավորապես ասված է խոսնակի մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ  Միլի մեջլիսի առաջին նիստին ունեցած ծավալուն բացման ելույթի ընթացքում նախագահ Ալիևը, ի թիվս այլի, խոսել է հայերի «պատմական կեղծարարության» և քարտեզների մասին։ «Բավական է նայել 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունում հրատարկված քարտեզներին, որպեսզի համոզվել, որ Հայաստանի ներկայիս տարածքի տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանական ծագում ունեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «պատմական արդարությունն» իրենց կողմն է, իսկ հայերը չունեն լուրջ փաստարկներ և զբաղված են կեղծարարությումբ և որոշ քաղաքական գործիչների կաշառելով։

  • Կիսվել: