հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանում գտնվող հինգ հայ գերիներն արդեն պիտի վերադառնային, սակայն ես ազատվեցի պաշտոնից, և գործընթացն անավարտ մնաց․ Վանեցյան

Ադրբեջանում գտնվող հինգ հայ գերիներն արդեն պիտի վերադառնային, սակայն ես ազատվեցի պաշտոնից, և գործընթացն անավարտ մնաց․ Վանեցյան

Երթերի ժամանակ մենք տեսնում ենք «Հայրենիքի փրկության շարժման» նկատմամբ մարդկանց դրական վերաբերմունքը, տեսնում ենք՝ ինչպես են մասնագիտական բոլոր հանրույթները, հոգևոր իշխանությունները, գործող և նախկին նախագահները, Զինված ուժերը, գրեթե բոլորը պահանջում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, ովքեր փորձում են ամեն կերպ ձգել իրենց իշխանությունը: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասած ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Իշխանությունը փողոցում գցված է, դա շատ վատ արտահայտություն է, բայց իրականությունն այդպես է: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր չունի իշխանություն ՀՀ-ում: Ինքը չի կարող այսօր հրամաններ տալ նախարարություններին, գերատեսչություններին, նրան այլևս լուրջ չեն ընդունում, դա պետք է հասկանալ և շարժվել առաջ»:

Վանեցյանը, պատասխանելով հարցին, թե ինչ տեղեկություն ունի այսօր Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հանդիպման մասին, ասաց. «Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գնացել է հիվանդատես, ըստ այլ տեղեկությունների՝ գնացել էր «ճնշելու» նախագահին, որ ստորագրեր Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման միջնորդությունը»:

Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով, Վանեցյանն ընդգծեց. «Մեր դիրքորոշումը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որից հետո պետք է գա ժամանակավոր կառավարություն, և նոր միայն կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանի հետ մենք ընտրությունների չենք գնալու, քանի որ Հայաստանի համար այս դժվար իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ կազմակերպել խորհրդարանական ընտրություններ: Մեր ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, իսկ այդ օրը շատ մոտ է»:

Լրագրողների նկատառմանը, թե օրեր առաջ նա հայտարարել է, որ կարող է իր անձնական կապերը օգտագործելով վերադարձնել գերիներին, ինչու ԱԱԾ պետի պաշտոնում գտնվելու ժամանակ չօգտագործեց այդ կապերը Ադրբեջանում գտնվող 5 գերիներին վերադարձնելու նպատակով, Վանեցյանը շեշտեց. «Աշխատանքները տարվում էին, նրանք արդեն պետք է վերադարձվեին, ցավոք սրտի ես ազատվեցի աշխատանքից և չկարողացա աշխատանքներս հասցնեմ իրենց տրամաբանական ավարտին»:

 

  • Կիսվել: