Ադրբեջանն ունի հստակ խոսույթ՝ եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձերը չենք ճանաչում, և սա տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ. Փաշինյան
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն մասին, որ նա պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: ՛՛Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ՀՀ անկախ ժամանակաշրջանում եղել է մի իշխանություն, որը հրաժարվել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և արդյոք մենք ինչ-որ նոր բա՞ն ենք անում, որը ցնցել է մեր հասարակությանն ու խորհրդարանական ընդդիմությանը՛՛,-հարցրեց նա:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. ՛՛Այո, մենք մի բան այլ կերպ ենք անում, մենք դա անում ենք առանց ՛՛կռուտիտի՛՛։ Ես էլի ներողություն եմ խնդրում, բայց պետք է ասեմ։ Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ հրապարակեք էդ թուղթը, ինչու չեք ցույց տալիս այդ թուղթը։ Մենք էլ ասացինք՝ եկեք նայեք այդ թուղթը, ասացին՝ չենք գա ձեր թուղթը նայենք։ Բա գայիք, նայեիք էդ թուղթը, ասեիք՝ այ սենց ա։ Դրա համար է, որ չեն ուզում տեսնեն ու առեսերվեն։ Իրենց ասածն էնպես չէ, որ լրիվ սուտ է, բայց ճշմատրության մի մասն է՛՛:
Խոսելով Ադրբեջանի՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ վարչապետը նշեց. ՛՛Ադրբեջանն ունի հստակ խոսույթ՝ եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, եւ այս խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ:
Երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է ՀՀ-ի վրա, և միջազգային հանրության հետ ՀՀ-ն երկխոսություն է ունենում, Ադրբեջանն էլ ասում է, որ Հայաստանն էլ իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում և իրենց վրա է հարձակվել կամ հարձակվում: Ասում են՝ հա, մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, ենթադրեք, և եթե նա հարձակվի մեր վրա, օրինակ՝ ՀԱՊԿ-ը կգա մեր կողքը կկանգնի: ՀԱՊԿ-ն էլ այդ հարձակումների ժամանակ ասում է՝ այո կգամ, ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ՛՛:
Ըստ Փաշինյանի՝ պետք է որոշում կայացնել՝ կամ մենք չենք ճանաչում Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ-ն և մեր կարծիքով Ադրբեջանը ոչ թե 86.6 հազար ք/կմ է, այլ 45.7 հազար ք/կմ: Ադրբեջանն էլ կարող է ասել՝ ուրեմն մեր կարծիքով էլ Հայաստանը ոչ թե 29.8 հազար ք/կմ է, այլ՝ 8700ք/կմ է։
՛՛Վերահաստատում եմ Բրյուսելում հաստատված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ-ն, հուսով եմ՝ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.8 հազար ք/կմ-ն: Նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86.6 հազար ք/կմ չէ, այլ մինուս X թիվ է, նրանք միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29.8 հազար ք/կմ չէ, այլ մինուս X ինչ-որ թիվ է, ինչքան թիվ է՝ դա էլ կորոշվի նրանից, թե այդ օրը ՀԱՊԿ-ում ինչ տրամադրություն է տիրելու՛՛,- ասաց նա:
Վարչապետը հավելեց, որ համաձայնության երեք փուլ է եղել․ Ալմա Աթայի հռչակագիրը, երկրորդում՝ Պրահայում այդ հռչակագրի վերահաստատումն է եղել և երրորդը քայլը Բրյուսելում տարածքների փոխադարձ ճանաչումն է՝ կոնկրետ նշագրումներով, իսկ հաջորդը պետք է լինի քարտեզի վրա այդ տարածքի որոշումը:
՛՛Այստեղ մենք պետք է վերցնենք Խորհրդային միության քարտեզները, և մեր դիրքորշումն այն է, որ դրա համար հիմք պետք է ծառայեն 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզները։ Սա կամաց-կամաց ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև միջազգային գործընկերներն էլ են սկսում այդ խոսույթը որդեգրել և օգտագործել, ինչը ես համարում եմ շատ կարևոր՛՛,- նշեց նա։



