հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն, ոչ ոք չի կարող լուծումներ պարտադրել. Ստանո

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն, ոչ ոք չի կարող լուծումներ պարտադրել. Ստանո

Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավունք։ Եվ Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել։ Իսկ եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այս մասին ՛՛Ազատության՛՛ հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ խոսելով այն մասին, թե կարո՞ղ է արդյոք Եվրամիությունն օգնել՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և կա արդյոք Բրյուսելում նման պատրաստակամություն:

՛՛Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ներգրավված դրանում՝ բարձր ներկայացուցիչ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ։ Սա այն է, ինչ մենք արդեն անում ենք՝ աշխատում ենք երկու կողմերի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ այդ գործընթացն առաջ տանելու համար: Բայց, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն: Ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն։ Ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։ Մենք բոլորս՝ միջազգային հանրությունը միայն կարող ենք օգնել՛՛,-նշել է նա։

Ստանոն անդրադարձավ դիտարկմանը, որ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շարլ Միշելը չէր բացառել, որ գերիները կարող են տուն վերադառնալ, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց՝ գերեվարելով նոր մարդկանց։

Հարցին, թե ո՞ր կողմն էր, որ խախտեց պայմանավորվածությունը, և արդյոք Եվրամիությունը չպե՞տք է լծակներ գործադրի, կամ պատիժներ այս դեպքում, նա պատասխանեց, որ Եվրամիությունն այստեղ չի կարող մրցավարի դեր խաղալ։

՛՛Մենք չենք կարող կարգավորման գործընթացում գլխավոր դերը ստանձնել, մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, եթե կուզեք, քանի որ խոսքը միջազգային իրավունքի հարգման մասին է։ Մենք ոչ թե լծակ ենք գործադրում, ոչ թե պարտադրանք՝ ինչ-որ մեկին ստիպելու ինչ-որ բան անել, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները՝ օգնելու կողմերին լուծում գտնել։ Վերջ ի վերջո, կրկին ընդգծեմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն է, որ պետք է պայմանավորվեն։ Եվրամիությունը նույն դիրքորոշումն ունի ամբողջ աշխարհում: Եթե մենք մի փոքր հեռանանք և դա դիտարկենք ավելի լայն տեսանկյունից, ապա Եվրամիությունը նպաստում է Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորմանը, որ շարունակվում է ավելի քան 10 տարի, և այս երկրները շատ ավելի մոտ են Եվրամիությանը։ Մենք հեշտացնում ենք գործընթացը, բայց չենք կարող ստիպել նրանց լուծում գտնել, քանի դեռ նրանք չեն տեսնում, որ այս լուծումը երկուսի համար էլ լավ փոխզիջում է։ Նույնն է Իսրայելի և Պաղեստինի դեպքում։ Այնտեղ շատ երկար ժամանակ կարգավորման գործընթաց է եղել, բայց քանի դեռ երկու կողմերը պատրաստ չեն, ուրիշ ոչ ոք չի կարող լուծում պարտադրել։

Մենք երկրներին և գործընկերներին ինչ-որ բան պարտադրելու գործով չենք զբաղվում։ Մենք շեշտում ենք միջազգային իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։ Մենք շեշտում ենք հաշտության, բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, քանի որ դրանք քաղաքակիրթ կյանքի սկզբունքներն են։ ԵՄ-ում մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ 21-րդ դարում հարցերը լուծում են քննարկումների միջոցով, ոչ թե ուժով՛՛,-ասաց Ստանոն:

Նրա խոսքով՝ երբ խախտվում է միջազգային իրավունքը, ապա այդ դեպքում կան Միավորված ազգերի կազմակերպությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, և ցանկացած երկիր ազատ է հարցերը բերել Անվտանգության խորհուրդ, Արդարադատության միջազգային դատարան, Միջազգային քրեական դատարան։

՛՛Սա է գոյություն ունեցող համակարգը, որը մենք ցանկանում ենք ամրապնդել։ Մենք պետք է այնպես անենք, որ միջազգային իրավունքը կիրարկվի, և դրա կատարման մի մասն էլ լինի կարգավորման գործընթացը, բանակցային գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ, և տեղի է ունենում կարգավորման գործընթաց՝ անկախ ձեր նշած միջադեպերից, որոնք եղել են և, ցավոք, հավանաբար դեռ կլինեն։ Բայց սա ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչու բոլորը պետք է իրենց առավելագույն ջանքերը ներդնեն լուծումներ գտնելու համար: Որովհետև, ի վերջո, ԵՄ-ն չէ, որ տուժում է։ Տուժում են մարդիկ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, որովհետև անկայունության մթնոլորտում մշտապես ապրելը՝ մտածելով, թե ինչ կլինի, կլինի արդյոք նոր հակամարտություն, թե՝ ոչ, ոչ մեկին չի օգնում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: