երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանն իր շարունակական գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Յաել Բրաուն-Պիվեին

Ադրբեջանն իր շարունակական գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Յաել Բրաուն-Պիվեին

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Միրզոյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով առաջին այցը Հայաստան` ընդգծելով, որ այն վկայում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված պատմական բարեկամության և երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է միջ­խորհրդա­րանական մակարդակով ձևավորված սերտ համագործակցությունը և այս առումով առանձնահատուկ կարևորվել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի գործունեությունն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:

Երկուստեք անդրադարձ է կատարվել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհի` Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակին և դրա հանգուցալուծման հրամայականին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր շարունակական գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը:

ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ տարբեր մակարդակներում և ձևաչափերում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշման համար:

  • Կիսվել: