երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն իր գործողություններով ապալեգիտիմացնում է վաշինգտոնյան միջնորդությունը. քաղաքագետը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին

Ադրբեջանն իր գործողություններով ապալեգիտիմացնում է վաշինգտոնյան միջնորդությունը. քաղաքագետը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին

Վաշինգտոնյան բանակցությունների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի տարածած հաղորդագրություններն իրենց բովանդակությամբ նույնական էին։ Տպավորություն է ստեղծվում, որ կողմերը կարող են առանցքային հարցերին զիջող խնդիրների շուրջ հասնել համաձայնության, սակայն հիմնական խնդիրները շարունակում են մնալ չլուծված, և այդ առումով որևէ առաջընթաց չկա։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն՝ անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև կայացած բանակցություններին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել երկու երկրների պատվիրակություններին տևական խաղաղության հասնելուն ուղղված ծանր աշխատանքի համար։ Բլինքենի խոսքով՝ կողմերը որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնության են հասել, խորացրել են այլ չլուծված հարցերի շուրջ դիրքորոշումների ըմբռնումը, ինչպես նաև ընդունել են, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ դժվար աշխատանք կա անելու:

«Ինչպես տեսանք, բանակցություններից հետո տարածված հայտարարությունները շատ ավելի զուսպ էին, քան վաշինգտոնյան բանակցությունների շրջափուլին նախորդած հայտարարությունները։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, պետքարտուղար Բլինքենի հայտարարությանը, ով նախկինում ասել էր, որ խաղաղության պայմանագիրը շուտով կարող է ստորագրվել։ Այս անգամ էլ նա խոսեց լավատեսորեն, բայցև նշեց, որ որքան առաջ են գնում կողմերը, այնքան ավելի դժվար է դառնում գործընթացը, քանի որ ամենաբարդ հարցերը քննարկվելու են վերջում, և այդ առումով բանակցություններում առանցքային տարաձայնությունները տակավին պահպանվում են»,- շեշտեց Գրիգորյանը։

Անդրադառնալով այն իրողությանը, որ կարևոր բանակցություններից առաջ կամ դրանց զուգընթաց Ադրբեջանը դիմում է նոր սադրանքների, Գրիգորյանն ընդգծեց, որ վերջին գործելաոճն իսկապես աննախադեպ էր։

«Նախկինում էլ բանակցությունները զուգորդվել են ադրբեջանական կողմի կրակոցներով, սակայն դժվար է վերջին տասնամյակի կտրվածքով հիշել բարձրաստիճան պաշտոնյաների գեթ մեկ հանդիպում, որի ընթացքում կամ դրա նախօրեին Բաքուն դիմած լիներ նման էսկալացիայի։ Այս անգամ Ադրբեջանն Արցախում կիրառեց հրետանի և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով ՊԲ-ն ունեցավ չորս զոհ։ Կոնկրետ այս դեպքում Բաքվի նպատակները պարզ են։ Ադրբեջանական կողմը մեսիջներ է հղում Հայաստանին ու միջնորդ երկրներին, որ եթե բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմը չընդունի Ադրբեջանի պահանջները, ապա վերջինս պարտադրելու է այդ պահանջների կատարումը գետնի վրա»,- ասաց քաղաքագետը։

Երկրորդ ուղերձն, ըստ Գրիգորյանի, կապված է արցախյան բանակի զինաթափման հետ, և այս փուլում կարծես թե Բաքուն այդ հարցը բանակցություններում դարձրել է նախապայման, հետևաբար, վերջին էսկալացիան նախաձեռնելով՝ փորձում է բոլորի ուշադրությունը սևեռել այդ խնդրի վրա։ Բաքուն իր ռազմական գործողությունների համար համապատասխան հող նախապատրաստելու նպատակով տարածում է ապատեղեկատվություն, թե իբր արցախյան զինված խմբավորումները հերթական սադրանքն են իրականացրել, ուստի իրենք ստիպված են եղել հակադարձել։     

«Ադրբեջանն իր գործողություններով, կամա թե ակամա, ապալեգիտիմացնում է հենց վաշինգտոնյան միջնորդությունը, ինչը հասկանալի է բոլորին։ Պետդեպը տարածեց հայտարարություն, բայց այն բավականին թույլ էր իր բովանդակությամբ, քանի որ հերթական անգամ երկու կողմերին էր կոչ արվում զերծ մնալ սադրանքներից, թեև հստակ է, որ Ադրբեջանն է խախտում զինադադարի ռեժիմը։ Ադրբեջանը հմտորեն օգտագործում է ամերիկյան միջնորդությամբ ընթացող պրոցեսը։ Բաքվում շատ լավ հասկանում են, որ ամերիկյան կողմը շահագրգռված չէ, որպեսզի խաղաղ գործընթացը տապալվի, բայց միակողմանի քայլեր չի ձեռնարկելու Ադրբեջանի դեմ»,- ասաց Գրիգորյանը

Քաղաքագետի խոսքով՝ միջնորդները պետք է հասկանան, որ նման մթնոլորտում համապարփակ խաղաղության հասնելու մասին խոսելն անիմաստ է, և եթե միջնորդների կողմից կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն, ապա Ադրբեջանը կձգտի  հայկական կողմին իր պահանջները ներկայացնել ուժային մեթոդներով։  

  • Կիսվել: