շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

«Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին ու Հայաստանին, այլև տարածաշրջանի այլ երկրների, ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը», Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պնդելով, թե Ռուսաստանը նույնպես հետաքրքրված է «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։

Բայրամովի խոսքով՝ Վրաստանը ևս կարող է օգտվել «միջանցքից», քանի որ այժմ Վրաստանի և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցություն չկա, իսկ «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ այդ երկրները երկաթուղային հաղորդակցություն կունենան։

Ջեյհուն Բայրամովը պնդել է նաև, որ Ադրբեջանն սկսել է իրականացնել ենթակառուցվածքների ապաշրջափակումն իր տարածքում։

«Ադրբեջանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան, բայց, ցավոք, նույն ջանքերը Հայաստանի կողմից չենք տեսնում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «Ադրբեջանը հայերի համար բաց է պահում» Գորիս-Կապան ճանապարհը։

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է նաև, թե Ադրբեջանը թույլատրել է ռուսական գազը Հայաստան տեղափոխել Ադրբեջանով՝ Վրաստանի տարածքում ծագած դժվարությունների պատճառով։

Բայրամովն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ընդգծելով Ադրբեջանի դիրքորոշումը։

«Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա։

  • Կիսվել: