ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանին կոչ ենք անում հետ բերել զորքերն իրենց ելման դիրքեր և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ԵԽ ներկայացուցիչներ

Ադրբեջանին կոչ ենք անում հետ բերել զորքերն իրենց ելման դիրքեր և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ԵԽ ներկայացուցիչներ

Եվրոպական խոհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական հարձակման առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Նրանք նշել են, որ ամենախիստ կերպով դատապարտում են լայնածավալ ռազմական բախումները, որ երեկ երեկոյան բռնկվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում։

Պատգամավորները նաև նշել են, որ ցավում են զոհերի մեծ թվի համար:

Նրանք կողմերին կոչ են արել լիարժեքորեն հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

՛՛Հատկապես կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել իր հարձակումը, հետ բերել զորքերը իրենց ելման դիրքերը և լիովին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Քաղաքացիական բնակչության կառույցների և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդումները միանշանակ անընդունելի են։ Պետք է ամեն գնով խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի՛՛,-ընդգծել են ԵԽ պատգամավորները:

Ըստ նրանց՝ռազմական գործողությունների վերսկսումը հատկապես վտանգավոր է այս պահին, քանի որ այն վտանգում է խաղաղության հավանական համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը:

Ինչպես կարծում են ԵԽ պատգամավորները՝ կա պատմական շանս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և կայուն խաղաղության հասնելու համար, և այն չպետք է բաց թողնել, ուստի կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵՄ-ի, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո և միջնորդությամբ:

  • Կիսվել: