կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանին բարդ է լինելու կրակել ամերիկյան գործարանի վրա. դա լինելու է անվտանգային նշանակության կառույց. Ջուլհակյան

Ադրբեջանին բարդ է լինելու կրակել ամերիկյան գործարանի վրա. դա լինելու է անվտանգային նշանակության կառույց. Ջուլհակյան

Վերջին օրերին նկատելի են Ադրբեջանի կողմից նախ տեղեկատվական սադրանքները, և ապա` արդեն կոնկրետ գործողությունների դիմելը. ակնհայտ է, որ Ադրբեջանը նախ տեղեկատվական ֆոն է ապահովում` միջազգային հանրությանը ներկայացնելով թե՛ Հայաստանի կողմից, թե՛ ԼՂ-ում իբր իրենց ԶՈՒ-ի նկատմամբ հարձակումներ կամ որոշակի սադրանքներ, և դրանց ի պատասխան է նա փորձում գործողություններ իրականացնել. սա նոր բան չէ, և Ադրբեջանի ձեռագիրն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Երասխում ադրբեջանական սադրանքին:

«Հաճախ ենք մենք ականատես եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը, փորձելով որոշակի առաջխաղացում ունենալ կամ բանակցություններից առաջ նախաբանակցային դիրքավորում ապահովել իրենց համար, նախ տեղեկատվական այդպիսի ֆոն են փորձում ապահովել և փորձում են սադրանք իրականացնել: Ես կարծում եմ, որ այս դեպքն էլ բացառություն չէ և այդ շարքից է:

Կարծում եմ, որ սա նաև կապված է նրա հետ, որ հունիսի 12-ին սպասվելիք մեր բանակցություններին ակնկալվում էր, որ պետք է ԱԳ նախարարները հանդիպում ունենային Վաշինգտոնում և բանակցությունների 2-րդ փուլը վաշինգտոնյան լինի, իսկ առաջին փուլից կարելի էր ասել, որ որոշակի զարգացումներ ունեինք, և մեզ համար առնվազն դրական զարգացումներ ունեինք: Հենց այն, որ Ադրբեջանը հրաժարվեց, կասկածելի այն ժամանակ դեռ թվաց, և ենթադրում եմ՝ գուցե այս վերջին օրերի ակտիվացումներն էլ պայմանավորված են բանակցությունների՝ իրենց կողմից չեղարկմամբ: Բայց դա իմ դիրքորոշումն է, պետք է տեսնենք՝ ինչպես են զարգանում իրադարձությունները»,- ասաց պատգամավորը:

Նրա համոզմամբ՝ չի կարող այդ սադրանքը կամ որևէ սադրանք լինել աննպատակ որևէ բան: «Պարզ է, որ յուրաքանչյուր սադրանք ունի իր նպատակը, և տրամաբանական է, որ այդ նպատակը կարող է լինել որոշակի ֆիզիկական առաջխաղացում, կլինի բանակցային սեղանին որոշակի առավելության ձեռքբերում՝ քաղաքական իմաստով: Այսինքն՝ տրամաբանական է, որ գուցե պատճառն այս սադրանքների դա է: Ուզում եմ հատուկ շեշտել այն հանգամանքը, որ որոշակի սադրիչ գործողություններ են իրականացվել Երասխի սահմանին, որտեղ որ մենք գիտենք, որ ամերիկյան կողմը կառուցելու է գործարան, որը ակնհայտ է, որ ունենալու է նաև բավականին կարևոր անվտանգային նշանակություն Հայաստանի համար: Պարզ է, որ երբ կա օտարերկրյա և, մասնավորապես, ամերիկյան ներդրում սահմանին, պարզ է, որ լինելու է հենց կոնկրետ անվտանգային նշանակության կառույց՝ բացի բուն բովանդակային նշանակությունից, թե ինչով է այդ գործարանը զբաղվելու: Պարզ է, որ ադրբեջանական կողմի համար բարդ է լինելու կրակել ամերիկյան գործարանի վրա: Իրենք կրակում են այս պահին կառուցման ընթացքում գտնվող, դեռևս վիրտուալ գործարանի վրա, բայց երբ արդեն լինի գործարանը, պարզ է, որ շատ ավելի բարդ է լինելու, և իրենք հիմա իրենց գործողություններով դա պարզապես փորձում են կանխել:

Այս առումով կարևորում եմ ամերիկյան կողմի՝ երեկ արած հայտարարությունը, և կարծում եմ, որ դրան նախորդել է նաև որոշակի խոսակցություն ադրբեջանական կողմի հետ: Բայց տեսնում ենք, որ մեր խիստ ապակառուցողական հարևանը դեռ չի սթրվում իր տեղը»,- նշեց Արուսյակ Ջուլհակյանը:

  • Կիսվել: