հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությանն անհանգստացրել է այն, որ Հայաստանը ժամանակակից զինատեսակներ է ձեռք բերում

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությանն անհանգստացրել է այն, որ Հայաստանը ժամանակակից զինատեսակներ է ձեռք բերում

Ադրբեջանի Անվտանգության խորհրուրդն այսօր Բաքվում կազմակերպել է ՛՛Արցախյան 44-օրյա պատերազմի փորձը՛՛ թեմայով համաժողով: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինչպես հաղորդվում է՝ միջոցառմանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը, ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեյհուն Շադլինսկին, Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ​​ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Իլգար Մուսաևը, Ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետական ​​գործակալության ղեկավար, գեներալ-մայոր Իլգար Աբասովը, Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Քերիմ Վելիևը, իրավապահ և այլ պետական ​​մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Բախթիյար Էրսայը։

Միջոցառման ընթացքում Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեյհուն Շադլինսկին անհանգստություն է հայտնել, որ Հայաստանը մեծ միջոցներ է տրամադրում ժամանակակից սպառազինության ձեռքբերման և բանակաշինության համար։

Նա նշել է. ՛՛Հայաստանում ռևանշիստական ​​ուժերն ամեն կերպ փորձում են խոչընդոտել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՛՛:

Շադլինսկին նաև մտահոգիչ է համարել այն, որ Հայաստանը սպառազինության և բանակաշինության համար հատկացնում է իր հնարավորությունները գերազանցող ֆինանսական միջոցներ, փորձեր անում գնել տարբեր երկրներից ռազմական նշանակության ժամանակակից զենք ու տեխնիկա և, նրա խոսքով, ՛՛ձգտում է ամեն կերպ ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը՛՛։

  • Կիսվել: