երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ադրբեջանի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է, ոչ թե չստորագրումը. Միրզոյան

Ադրբեջանի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է, ոչ թե չստորագրումը. Միրզոյան

Եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, և Ադրբեջանը մտահոգված է, թե ՀՀ Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, այս դեպքում այդ մտահոգությունների հասցեագրման ամենակարճ, ամենաճիշտ, ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը: Այդ մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ առիթն օգտագործելով կպարզաբանի հարցը:

«Կարող եմ բացատրել, թե ինչու. այս պայմանագիրը ստորագրելուց հետո, մեր օրենսդրության համաձայն, այն պիտի անցնի վավերացման գործընթաց: Առաջին հերթին պիտի դիմենք ՍԴ, որն աշխարհում գոյություն ունեցող միակ մարմինն է, որն իրավասություն ունի մեկնաբանելու մեր Սահմանադրությունը:

Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ ստորագրում ենք պայմանագիրը և հարցնում ենք ՍԴ-ի կարծիքը, և ՍԴ-ն ասում է, որ սա համապատասխանում է Սահմանադրությանը, իսկ պայմանագրում մենք ունենք գրված, որ տարածքային պահանջներ չունենք միմյանցից, և, ահա, եթե ՍԴ-ն ասում է, որ այդ ամբողջ պայմանագիրը, այդ թվում՝ այս պնդումը, համապատասխանում են Սահմանադրությանը, նշանակում է՝ հարցը փարատվում է»,- ասաց նա:

Միրզոյանը նաև ընդգծեց, որ այս համատեքստում եթե պայմանները հայտնի են, ապա պետք է կողմերը ներկայացնեն իրար փաստարկներ, լսեն միմյանց՝ փորձելով լուծում տալ առաջացող խնդիրներին:

«Եթե վերցնենք որևէ խնդիր, որն ունի երկու հակադիր դիրքորոշումներ, և ընդունենք այդ հակադիր դիրքորոշումները որպես վերջնական, ապա աշխարհում բազմաթիվ հարցեր չէին լուծվի: Բայց մեր առաքելությունն է փորձել լուծում գտնել:

Այս առումով եթե առաջիկայում կարողանանք նոր հանդիպումների պայմանավորվածություններ ձեռք բերել նախարարական մակարդակով, վարչապետի ու նախագահի մակարդակով, որտեղ կարող ենք ավելի ֆունդամենտալ կերպով լուծում քննարկել, քան դա թույլ են տալիս միջազգային ֆորմատները ժամանակի ու տեղի առումով, ապա մենք կարող ենք ողջունել միայն, և մենք կողմ ենք այդպիսի հանդիպումներին»,- ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: