երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցումը հրամայական է Պրահայի հայտարարության համատեքստում. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցումը հրամայական է Պրահայի հայտարարության համատեքստում. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության համատեքստում՝ հատկապես։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ խոսելով Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությանը, որով ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը և 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

՛՛Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար՛՛,-նշել է Հունանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պրահայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Նշել էինք նաև, որ քառակողմ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

  • Կիսվել: