հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պրահայում Բաբիշի կառավարության դեմ բազմամարդ բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Պրահայում Բաբիշի կառավարության դեմ բազմամարդ բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Պրահայում այսօր՝ մարտի 21-ին, տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր չեխական կառավարության քաղաքականության եւ ծրագրերի դեմ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ ողջ Չեխիայի Հանրապետությունից ցուցարարներ են մասնակցել Լետնա այգում տեղի ունեցած խաղաղ ցույցին, որտեղ 1989թ․ տեղի են ունեցել զանգվածային հանրահավաքներ, որոնք զգալիորեն նպաստել են կոմունիզմի անկմանը։

Նրանք եկել էին արտահայտելու իրենց մտահոգությունը, որ միլիարդատեր Բաբիշն ու նրա կոալիցիոն կաբինետը սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարության համար՝ երկիրը հեռու պահելով Ուկրաինային աջակցելուց եւ ուղղորդելով դեպի ավտոկրատիա։ Ամբոխը, որը կազմակերպիչները գնահատել են 200 000 մարդ, ծածանել է չեխական դրոշներ։

Աղբյուրը հիշեցնում է, որ Բաբիշը Չեխիայի Հանրապետությունում վերադարձավ իշխանության այն բանից հետո, երբ նրա ANO շարժումը խոշոր հաղթանակ տարավ հոկտեմբերյան ընտրություններում եւ կոալիցիա կազմեց երկու փոքր քաղաքական խմբերի՝ հակամիգրացիոն «Ազատություն եւ ուղիղ ժողովրդավարություն» կուսակցության եւ ծայրահեղ աջ «Վարորդներն իրենց համար» շարժման հետ։ Իր նոր դաշինքի միջոցով այն խմբերի հետ, որոնց որոշ հայացքներ համարվում են ծայրահեղական, կառավարությունը սկսել է երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության էական վերանայում։

Բաբիշը դեմ է արտահայտվել շրջակա միջավայրի եւ միգրացիայի վերաբերյալ Եվրամիության մի քանի հիմնական քաղաքականություններին եւ մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն Ուկրաինային կամ ԵՄ-ի կողմից Կիեւին տրամադրվող վարկային երաշխիքները՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի շարքին։

  • Կիսվել: