երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում․ Փաշինյան

Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում․ Փաշինյան

«Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում»,- այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից արված խախտումները. «Հայտարարության առաջին կետում արձանագրվում է ԼՂ հակամարտության կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, ի հեճուկս այս արձանագրման Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից, այսինքն եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես՝ ԼՂ-ի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի տեսքով: 2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի հատվածում, և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաև դրանից առաջ և հետո:

ԼՂ-ում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները ԼՂ-ի հետ շփման գծում շարունակում են պարբերական բնույթ կրել: Եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքների օկուպացիան՝ 2021 թվականի մայիսի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 14-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության առաջին կետի դրույթների կոպիտ ոտնահարում է նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Վերը նշված գործողություններրը խախտում են այդ թվում եռակողմ հայտարարության 3-րդ կետը, ըստ որի՝ ԼՂ-ում ձևավորվում է շփման գիծ՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո: Ադրբեջանի շարունակական պնդումները, թե ԼՂ գոյություն չունի նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, ինչի մասին խոելու բազմաթիվ առիթներ ունեցել եմ: Եռակողմ հայտարարության 6-րդ կետի խախտումները կապված են Լաչինի միջանցքի իրավիճակի հետ: Ադրբեջանը կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև հայտարարության 7-րդ կետը, համաձայն որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ-ի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի աշխատակազմի վերահսկողության ներքո:

Մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել ԼՂ: Մինչև այժմ ԼՂ-ի Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն: Ուզում եմ ուշադրություն դարձնենք եռակողմ հայտարարության վերը նշված հոդվածի ձևակերպմանը. փախստականները վերադառնում են ԼՂ-ի տարածք: Այս ձևակերպումը նշանակում է, որ կա ԼՂ և ԼՂ-ն ունի տարածք, ասելով թե ԼՂ գոյություն չունի և չընդունելով նման տարածքային միավորի գոյությունը, Ադրբեջանն ըստ էության հայտարարում է, որ փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն  եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում: Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը նույնպես հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»:  

  • Կիսվել: