չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է. ԱԳ փոխնախարար

Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է. ԱԳ փոխնախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է:

Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կո՞ղմ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առանց միջնորդների հանդիպմանը:

«Մենք բազմիցս նշել ենք, որ կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է: Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ կարևոր դեր ունի»,-ասաց փոխարտգործնախարարը:

Դրանք, օրինակ, այն հարցերն են, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքներին: Այս հարցում հայկական կողմը կարևորում է միջազգային մեխանիզմների առկայությունը: Կան այլ հարցեր ևս, որտեղ երաշխիքները կարևոր են:

«Այս պահին բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցը բարձրաձայնվում է Հայաստանի կողմից»,-ասաց Սաֆարյանը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են պետական սահմանին հանդիպում անցկացնել։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին։ Մինչ այդ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար հանդիպում անցկացնել երկու երկրների պետական սահմանին, ինչից հետո հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել էր սահմանին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

  • Կիսվել: