երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա կառավարության նիստում ունեցած ելույթին՝ նշելով, որ ՀՀ վարչապետի հայտարարություններն «անհիմն և անընդունելի են»:

«Հայաստանի ղեկավարության այս մոտեցումը ևս մեկ հարված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այhան Հաջիզադեն։

«Հայաստանը խախտում է իր միջազգային պարտավորությունները՝ հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի (նոյեմբերի 9-ի-խմբ)՝ անձամբ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը, մասնավորապես նշված փաստաթղթի 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը...

Հենց հայկական կողմը, խախտելով եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունները, խաթարում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման գործընթացը. Ադրբեջանն իր հերթին ազնվորեն կատարում է իր պարտավորությունը՝ կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, իսկ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության հայտնի դրույթի բոլորովին սխալ մեկնաբանությանը և անհիմն հայտարարություններին, ապա նշում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» նշանակում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավարության միջև պատմական կապի վերականգնում։ Մեր երկիրը ենթադրում է այս միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է անարգել հաղորդակցություն բացել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այստեղ, ինչպես նաև Լաչինի միջանցքում, խոսքը ճանապարհը ոչ թե ռազմական կարիքների, այլ միայն մարդկանց և ապրանքների տեղափոխման համար օգտագործման մասին է», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում։

Մինչդեռ Արցախի կարգավիճակի հարցի առնչությամբ Բաքուն կրկնել է իր թեզն առ այն, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է և տարածաշրջանում ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության երեկվա նիստի մեկնարկին Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի ինի եռակողմ հայտարությունը, միջազգային մի շարք հարթակներում ձեռք բերած պայմանավորվածությունները։

«Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել մի շարք հարթակներում, զուգահեռաբար փորձում են կառուցողական երևալ և հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են և իրենց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է։ Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է  գործնականում ապացուցել, ստուգելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 44–օրյա պատերազմի հետևանքով։ Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը նոյեմբերի 9–ի հայտարարության 7–րդ կետի կոպիտ խախտում է։ Այս և նմանատիպ գործողություններն ու հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»,–ասել էր Փաշինյանը։

Նա նշել է, որ այս մտադրությունն արտահայտված է նաև խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարության կետերից առնվազն երեքը։

Բացի այդ, Փաշինյանն ասել է, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են։ 

«9-րդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության  միջև, ընդ որում նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։ ՀՀ-ն մշտապես պատրաստ է եղել  և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել  և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը Հայաստան- Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, այդ որոշումը չի ընդունվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը։ Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է։ Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, ուրեմն եկեք բացենք հսկիչ-անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք։ Երբ Ադրբեջանը համոզվի մեր մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի քաղաքացիները կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»,- ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, Փաշինյանը նշել էր.«ՀՀ-ն նման պարտավորություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ հայտարարությամբ պարզապես չունի։ Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում և ՀՀ-ն պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Համաձայնություն չի կայանում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռքբերված պայմանավորվածություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն»։

  • Կիսվել: