երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Արարատ Միրզոյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Արարատ Միրզոյանին

Ադրբեջանի արտգործնախարարությունը հակադարձել է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի կողմից երեկ Մեծ Բրիտանիայի պետնախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, կրկին ժխտելով, թե Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։ 

«Հայաստանցի պաշտոնյաների կողմից անընդհատ կրկնվող անհիմն պնդումները, թե Ադրբեջանի կողմից «Լաչին» հսկիչ-անցագրային կետի ստեղծումը իբր արգելափակել է ճանապարհը, հումանիտար խնդիրների է հանգեցրել, խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանն ու «էթնիկ զտման քաղաքականության» մաս է հանդիսանում, Հայաստանի կողմից իրողությունները կեղծելու փորձ է», - պնդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Հայկական կողմը միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու իր փորձերին պետք է վերջ տա։ Հայաստանը մինչև հիմա շարունակում է խրախուսել ադրբեջանական տարածքներ միջազգային առաքելություն ուղարկելը, խոչընդոտում է ադրբեջանական կառավարության և Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների միջև երկխոսությանը։ Դա մենք դիտարկում ենք որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կողմնակից է, պետք է դադարեցնի նման միջամտությունները», - հայտարարել է պաշտոնական Բաքուն։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բառացիորեն սակարկություն է սկսել գերիների հարցով՝ չփորձելով անգամ թաքցնել սեփական հայտարարությունների սպեկուլյատիվ բնույթը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում հայ ռազմագերիների մասին հարցին, նշենք, որ Ադրբեջանը շատ դեպքերում անհատույց Հայաստանին է վերադարձրել պատերազմի ժամանակ գերեվարված զինվորներին»։ ԱՊԱ-ն նշում է, որ այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղված Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից պատերազմից հետո մեր երկրի տարածք ռազմական սադրանքներ անելու համար ուղարկված հայ զինծառայողների խմբին, ապա Հայաստանի ղեկավարությունը գիտի, որ նրանք ռազմագերի չեն։ Չնայած նրան, որ Ադրբեջանը, բարի կամք դրսեւորելով, Հայաստանին է վերադարձրել այս խմբի գրեթե կեսին, հայկական կողմը, կազմակերպելով կեղծ դատավարություն, հրաժարվում է վերադարձնել մոլորված եւ Հայաստանի տարածք անցած ադրբեջանցի երկու զինծառայողներին՝ դրանով իսկ խաթարելով վստահության ամրապնդման ջանքերը»,- ասվում է տեղեկատվության մեջ։

  • Կիսվել: