Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին:
՛՛Մենք կտրականապես մերժում ենք հունիսի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետները, թե իբր Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում, վարում է էթնիկ զտումների քաղաքականություն հայազգի բնակիչների նկատմամբ և տարածաշրջանը շրջափակման մեջ» պահում:
Հայկական կողմը պետք է զերծ մնա Ադրբեջանի ներքին գործերին խառնվելուց, պահպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, անհապաղ ադրբեջանական տարածքներից դուրս բերի հայկական զինված ուժերը՛՛,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Բացի այդ՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է ԱՄՆ-ում արտգործնախարարների միջև բանակցությունները խափանել փորձելու համար:
՛՛Այն փաստը, որ հունիսի 27-ին ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել հայկական զինված ուժերի սադրանքի արդյունքում, որոնք, չնայած Հայաստանի ստանձնած պարտավորությանը, դեռևս ամբողջությամբ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքից, ոչ միայն միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, այլև փորձ է խանգարել ԱՄՆ-ում ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցություններին՛՛,- ասված է հայտարարության մեջ։



