երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանցիները բերում են տեսանյութեր, որտեղ ՀՀ-ում մարդիկ իրենց հետ չհամաձայնողներին անվանում են թուրք. Աղաջանյան

Ադրբեջանցիները բերում են տեսանյութեր, որտեղ ՀՀ-ում մարդիկ իրենց հետ չհամաձայնողներին անվանում են թուրք. Աղաջանյան

Եզրափակիչ ելույթների համար ինձ հատկացված ժամանակը կօգտագործեմ ԱԺ-ում հնչած որոշ մտքերին արձագանքելու նպատակով: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Առաջինը կուզեի անդրադառնալ Թադևոս Ավետիսյանի կողմից հնչեցրած հարցին։ Հարցը կմեջբերեմ՝ «Պարզ ուզում եմ հարցնել՝ առանց մյուսի Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ դուք ըտենց բան ասեք, Արցախը կմտնի, Ջերմուկը կվերցնի՞: Ո՞ր միջազգային կազմակերպությունն ա, որ պտի մեզ ասի՝ գիտեք չէ՞ Արցախը էսպես կամ էնպես: Այսինքն, դուք ուզում եք ասել, որ բերել հասցրել եք էնպիսի մի վիճակի, որ էդ էլ չենք կարող ասել»,-մեջբերման ավարտ»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը: Նա նշեց, որ իր տպավորություններով ԱԺ-ում իսկապես իրար չեն լսում և «եկել ենք ընդամենը մեր ելույթներն ունենալու, հարցերը հնչեցնելու և այստեղից գնալու համար, և, ընդհանրապես, չենք լսում իրար»: Նա ընդգծեց, որ իր եույթի զգալի մասը նվիրել է այն հատվածին, որում ընդգծվում էր միջազգային հանրության կողմից ընկալելի լինելու կարևորությունը և դրան ուղղված ՀՀ-ի ջանքերը:

«Հիմա ԼՂ-ն միջազգային հանրության կողմից տարբեր ժամանակներում, տարբեր ձևաչափերով և առիթներով ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս: Հիմա, դուք ասում եք, որ մենք դրան ուղիղ հակառակվող հայտարարություն անում ենք՝ իմանալով, որ մեր քաղաքականության նպատակն ուղիղ հակառակն է՝ որպեսզի մենք հնարավորինս ընկալելի լինենք միջազգային հանրության համար»,-ընդգծեց Աղաջանյանը:

Անդրադառնալով միջազգային հանրության անելիքներին, Աղաջանյանը շեշտեց, որ իր կարծիքով, կարելի է նայել նախորդիվ ունեցած «մեր փորձարարությանը» և ենթադրել, թե ինչ կանի միջազգային հանրությունն այդ պարագայում և ինչ հետևանքներ տեղի կունենան դրա արդյունքում:

Արձագանքելով Գեղամ Նազարյանի հարցադրումներին և պնդումներին՝ «մանկապարտեզներում թույլիկներին ծեծելու և թուլության դրսևորումներից Ադրբեջանի ոգևորվելու» պնդումներին՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց.

«Պարոն Նազարյան, ես կարող եմ Ձեզ հստակ ասել, թե ինչից է Ադրբեջանը, թերևս, ամենաշատը ոգևորվում: Օրինակ՝ Երևանի փողոցներում ընդդիմության ամիսներ շարունակ տևող ակցիաների  և հանրահավաքների ժամանակ, երբ պարբերաբար հնչող քսենոֆոբ արտահայտություններ են լինում: Դրանք լավագույնս օգտագործվում են նրանց կողմից և դրանից նրանք միանշանակորեն ոգևորվում են»,- ասաց Աղաջանյանը:

Նա նշեց, որ միջազգային տարբեր հարթակներում ի պատասխան մեր կողմից փաստարկված և հիմնավորված մեղադրանքներին, որոնք վերաբերում են Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող պաշտոնական հայատյաց քաղաքականությանը, իրենք՝ որպես հակադրում, «բերում են վիդեոմատերիալներ, որտեղ Հայաստանի փողոցներում բազմամարդ հավաքներում բավականին ագրեսիվ կերպով իրենց հետ չհամաձայնող անձանց անվանում են թուրք. Այ դա, ես Ձեզ վստահեցնում եմ, ոգևորում է Ադրբեջանին»:

  • Կիսվել: