երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանական զինծառայողները 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան ճանապարհը․ բանակցությունները առավոտ են շարունակվելու․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան ճանապարհը․ բանակցությունները առավոտ են շարունակվելու․ ՄԻՊ

Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝  երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը:

Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:

Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ և նրանց ջանքերով քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել:

Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել:
Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Իր հերթին բլոգեր Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում հայտնում է, որ Չայզամի տարածքի շրջանում (Որոտան, Շուռնուխի հարևանությամբ) Ադրբեջանի Զինված ուժերի հետ բախում է տեղի ունեցել: 

.Թշնամին զոհ ունի: Ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Ի պատասխան` ռուսական զորքերը թիկունքից մոտեցել և շրջափակել են նրանց: ՀՀ ոստիկանությունը փակել է ճանապարհը:

Կան տեղեկություններ, որ ադրբեջանցիները մեծ ուժեր են մոտեցնում",- գրել է Բադալյանը:

  • Կիսվել: